07/04/2015 10:25
Շարլ Ազնավուրը հանրությանը կներկայացնի նոր ձայնասկավառակը
Շարլ Ազնավուրը պատրաստվում է նոր ձայնասկավառակ թողարկել: «Encores» անունը կրող ձայնասկավառակը կներկայացվի հանրությանը մայիսի 4-ին՝ շանսոնյեյի 91-ամյակին ընդառաջ, որը հայազգի Ազնավուրը կտոնի մայիսի 22-ին: Այս մասին հաղորդում է «France Press»:
«Առաջին անգամ եմ ձայնագրում հավաքածու, որը պատմում է իմ անցյալի մասին»,- աղբյուրի հաղորդմամբ ասել է շանսոնյեն՝ նշելով, որ նոր երգերի թեմաներն են պատերազմը, ֆաշիզմի դեմ պայքարը, ինչպես նաև այն վայրերը, որտեղ նա եղել է կյանքի ընթացքում:
Բացի այս, չորս տարի ընդմիջումից հետո Ազնավուրը մտադիր է վերսկսել համերգները Փարիզում՝ վերջին տարիներին նա համերգներով հանդես էր գալիս Փարիզից դուրս:
Ավելի քան հազար երգերի հեղինակ Շարլ Ազնավուրը իր կյանքի ընթացքում թողարկել է ավելի քան 40 հավաքածու, հյուրախաղերով հանդես եկել 94 երկրներում, ինչպես նաև տասնյակ դերերն խաղացել կինոյում: