09/04/2015 15:15
Մարզահամերգայինում կկայանա «Օդնոկլասնիկի–2015. Սառցե շրջան» շոուն
Մայիսի 24-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա «Օդնոկլասնիկի–2015. Սառցե շրջան» շոուն` Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոնների մասնակցությամբ և Իլյա Ավերբուխի բեմադրությամբ: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Forpostart Production» ընկերության գլխավոր տնօրեն և պրոդյուսեր Զառա Մխեյանը։
Նրա խոսքով՝ իր նպատակն է ներկայացնել պրոֆեսիոնալ, ոչ սիրողական մակարդակի արվեստ:
«Սա համաշխարհային ծրագիր է, հնարավոր է, մարդիկ կլինեն, որ այդ գումարը կգերադասեն ծախսել ռեստորանում, բայց իմ նպատակն է եղել բարձր արվեստ ներկայացնել իմ ժողովրդին:
Սա Ավերբուխի նոր ծրագիրն է, նման բան աշխարհում չի եղել, Ռուսաստանի գեղասահորդները առաջինն են աշխարհում, իսկ այս շոուն բարձր որակի արվեստ է, նոր բեմականացում, որին ներգրավված են նաև թատրոնի և կինոյի աստղեր: Մենք այժմ մտածում ենք մեր աստղերից ծրագրին ընդգրկելու մասին»,-ասաց նա:
Հարցին՝ ո՞ւմ է տեսնում հավակնորդների շարքում, որ կարող է նման մրցել ռուսների հետ այս բնագավառում, Զ. Մխեյանը պատասխանեց. «Սա ծանր աշխատանք է, ռուսները կարող են օրը 8 ժամ պարապել և չենք կարող ասել, որ մեկի մոտ վատ ստացվեց: Մեր նպատակը զուտ բարձր որակի արվեստ ներկայացնելն է»:
Շոուին կմասնակցեն Ալեքսեյ Յագուդինը, Օքսանա Դոմնինան, Տատյանա Նավկան, Մաքսիմ Մարինինը, Ռոման Կոստոմարովը, Տատյանա Տոտմյանինան, Պովիլաս Վանագասը, Մաքսիմ Խաբալինը, Մարիա Պետրովան, Ալեքսեյ Տիխոնովը, Մարգարիտա Դրոբյազկոն, Ալբենա Դենկովան, Մաքսիմ Ստավինսկին, Ելենա Լեոնովան, Անդրեյ Խվալկոն և ուրիշներ:
«Սառցե շրջանը» բարձր վարկանիշ ունեցող հեռուստաշոու է։ Մի քանի շրջանների ընթացում շոու բիզնեսի աստղերը փորձել են հայտնի գեղասահորդների հետ զույգում յուրացնել գեղասահքի բարդ արվեստը: