09/04/2015 20:31
Իրինա Ալեգրովայի համերգը «100 տոկոսով կայանալու է»
Հայկական արմատներով ռուս երգչուհի Իրինա Ալեգրովայի համերգը՝ նշանակված մայիսի 23-ին կայանալու է: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Forpostart prodaction» ընկերության հիմնադիր և պրոդյուսեր Զառա Մխեյանը:
«Մեր 25 տարվա պատմության մեջ չի եղել նման համերգ, որ հանվի: Այս համերգը տեղափոխվել է, քանի որ նրա առողջական վիճակը վատացել է: Որևէ մեկը տեղյակ չէր, որ պատրաստվում են այնպիսի մեծ դեկորացիաներ Հայոց ցեղասպանության ֆորումի հետ կապված, այդ պատչառով էլ համերգը երկրորդ անգամ հետաձգվեց»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ շրջանառվում են լուրեր, որ համերգը չի կայացել գումարի շուրջ տարաձայնության պատճառով, Զ. Մխեյանը պատասխանեց. «Վերջերս «Վիտամին» ակումբում էլ լսեցի նման բան: Ես հասկանում եմ և ողջունում առողջ հումորը, բայց կարող եմ դատի տալ նման մարդկանց, ովքեր ստահոդ լուրեր են տարածում իմ անվան վերաբերյալ, իսկ եթե արտիստը իր հոնորարը չի ստանում, նա չի գալիս համերգի: Ալեգրովան դեռևս մեկ ամիս առաջ է ստացել իր հոնորարը, բացի այդ, իր հետ մեզ մոտ այլ հարաբերություններ են, մենք իր հետ 6 տարի աշխատում ենք: Կարող եմ ասել, որ մայիսի 23-ին համերգը հարյուր տոկոսով է լինելու»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ հայազգի երգչուհու մենահամերգը նախանշված էր մարտի 6-ին՝ Մարզահամերգային համալիրում, սակայն համերգը սկսելուց րոպեներ առաջ հանդիսատեսին հայտարարվել էր, որ համերգը տեղի չի ունենա՝ երգչուհու առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառով: