13/04/2015 12:56
Համաշխարհային մամուլը՝ Հռոմի պապի՝ Հայոց ցեղասպանություն հայտարարության մասին
Սուրբ Պետրոս տաճարում նախօրեին Հռոմի Ֆրանցիսկոս պապի կողմից մատուցված Ս. Պատարագը՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, որի ընթացքում Հռոմի պապը Հայոց Ցեղասպանությունը որակել է «20-րդ դարի առաջին ցեղասպանություն», լայնորեն լուսաբանվել է միջազգային մամուլի էջերում:
Այսպես՝ Reuters գործակալությունը, անդրադառնալով Հռոմի պապի կողմից արված Հայոց Ցեղասպանությունը «20-րդ դարի առաջին ցեղասպանություն» հայտարարությանը, նշում է, որ որակումը ցեղասպանություն մեծ աղմուկ է բարձրացրել դիվանագիտական շրջանակներում:
Գործակալությունը մեջբերում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Վատիկանում իր պատվին տրված ընթրիքի ժամանակ, ուր նախագահ Սարգսյանն իր երախտագիտություն է հայտնել Ֆրանցիսկոս պապին «այս աննախադեպ պատարագի գաղափարի համար», որը խորհրդանշում է «քրիստոնյա աշխարհի համերաշխությունը» հայ ժողովրդի հետ: Անդրադառնալով թուրքական կողմի արձագանքին, որը դատապարտել է հայտարարությունը:, գործակալությունը նշում է, որ Թուրքիայի արտգործնախարարությունը Վատիկանի դեսպանին հրավիրել է բացատրություններ տալու Հռոմի պապի հայտարարությունների վերաբերյալ:
Գործակալության փոխանցմամբ՝ Հռոմի պապը նաև ասել է, որ քրիստոնյաների դեմ ցեղասպանությունը շարունակվում է առայսօր: Գործակալությունը հիշեցնում է, որ Իսլամական պետության գրոհայինները, ովքեր Սիրիայում և Իրաքում հռչակել են խալիֆայություն, որը սահմանակից է նաև Թուրքիային, սպանում են քրիստոնյաներին, շիիաներին և բոլոր նրանց, ովքեր չեն կիսում ռադիկալ սունի իսլամիստների գաղափարները:
The Associated Press գործակալությունը, անդրադառնալով Ֆրանցիսկո պապի հայտարարաությանը, մեջբերում է նրա խոսքը՝ չարիքի մերժումը կամ կոծկումը նշանակում է թողնել, որ վերքն արնահոսի՝ առանց վիրակապելու այն, և որ իր պարտքն է հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակին, ովքեր սպանվել են Օսմանյան թուրքերի կողմից:
Աշխարհի հայությանն ուղղված իր ուղերձում, AP գործալության փոխանցմամբ, Հռոմի պապը կոչ է արել բոլոր պետությունների ղեկավարներին և միջազգային կազմակերպություններին ճանաչել ճշմարտությունը և ընդդիմանալ նման հանցագործություններին «առանց տեղի տալու երկիմաստությանը կամ փոխզիջումներին»։
Գործակալության փոխանցմամբ, Հռոմի պապի այս հայտարարությունը գոհունակությամբ և երախտագիտությամբ է ընդունվել հայ հոգևոր և աշխարհիկ առաջնորդների կողմից, մասնավորապես ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Հայ առաքելական եկեղեցու և հայ կաթոլիկների առաջնորդների կողմից, ովքեր ներկա էին գտնվում Սուրբ Պետրոս տաճարի երեկվա պատարագին: Անդրադառնալով թուրքական կողմի արձագանքին՝ գործակալությունը գրում է, որ թուրքական կողմը խստորեն դատապարտել է Ֆրանցիսկոս պապի հայտարարությունը:
Նշենք, որ նյութը գրեթե նույնությամբ արտատպվել է The Washington Post, The New York Times, The Washington Times, TIME, The Huffington Post, Voice of America, Hamilton Spectator, RFE/RL, Daily Mail էջերում:
Ս. Պետրոս տաճարում պատարագի ժամանակ Հռոմի պապի հայտարարությանն անդրադարձել է նաև CNN-ը՝ գրելով, որ Վատիկանի առաջնորդի հայտարարությունը զայրացրել է թուրքական կողմին: Հռոմի պապը, CNN-ի փոխանցմամբ, մատնանշել է անցած դարի երեք աննախադեպ ողբերգությունները՝ Հայոց ցեղասպանությունը, նացիզմն ու ստալինիզմը: Լրատվամիջոցը գրում է նաև, որ Հռոմի պապի հայտարարությունից հետո Թուրքիան հետ է կանչել իր դեսպանին Վատիկանից:
Վատիկանում Թուրքիայի նախկին դեսպան Քենան Գուրսոյը այս առիթով, ասել է, որ չնայած սա առաջին դեպքն է, որ Թուրքիայի դեսպանը հետ է կանչվում Վատիկանից, բայց դա չի նշանակում՝ թուրք-վատիկանյան դիվանագիտական կապերի խզում: CNN նաև տեսանյութ է պատրաստել սույն առիթով:
Միջազգային մեկ այլ լրատվամիջոց՝ USA Today-ն, անդրադառնալով Ս. Պետրոս տաճարում մատուցված պատարագին, գրում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հետ մեկտեղ, Վատիկանը 11-րդ դարի հայ հոգևորական Սուրբ Գրիգոր Նարեկացուն շնորհել է եկեղեցու դոկտորի տիտղոս, որը մինչև այդ ստացել է միայն 35 այլ անձ: Մեջբերելով Հռոմի պապի խոսքերը՝ թերթը գրել է, որ չկա հայ ընտանիք, որին անդրադարձած չլինի Մեծ Եղեռնը կամ Մեծ չարիքը: Նա նաև նշել է, որ անցած դարի երեք ոճրագործություններից առաջինը բաժին է հասել հայ ժողովրդին՝ առաջին քրիստոնյա ազգին, ինչպես նաև կաթոլիկ և օրտոդոքս սիրիացիներին, ասորիներին, խալդերին և հույներին:
Wall Street Journal-ը գրում է, որ վերջին շրջանում թուրքական կողմը կոշտացրել է իր դիրքորոշումը և շարունակաբար մեղադրում է հայկական Սփյուռքին և արևմտյան առաջնորդներին՝ ցեղասպանության մեղադրանքի համար: Թերթը նշում է, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի մոտեցման հետ թեժանում է աշխարհաքաղաքական պայքարը այս հարցի շուրջ Վաշինգտոնում՝ հիշեցնելով, որ 2008 թվականին նախագահի թեկնածու Բարաք Օբաման խոստացել էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն մինչև հիմա դա դեռ չի արել:
Fox News-ն իր հրապարակման մեջ նկատում է, որ Ս. Պետրոս տաճարում կիրակնօրյա պատարագի ընթացքում հնչել է հայկական ավանդական երաժշտություն, իսկ պատարագին մասնակից երեխաների հագին եղել է հայկական տարազ:
Իսկ ահա Sky News-ի հաղորդմամբ Թուրքիան շարունակում է ժխտել Ցեղասպանությունը, չնայած նրան, որ բազմաթիվ պատմաբաններ 1915-1917-ի իրադարձությունները որակում են որպես ցեղասպանություն: Sky News-ը գրում է նաև, որ Անկարան բացատրություններ է պահանջել Վատիկանի ներկայացուցիչ Անտոնիո արքեպիսկոպոս Լուչիբելլոյից՝ Պապի «ցեղասպանություն» որակման կապակցությամբ:
Los Angeles Times-ը, անդրադառնալով Հռոմի պապի հայտարարությանը, գրում է, որ թեև նա առաջինը չէ, որ Վատիկանի անունից ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, սակայն կիրակնօրյա հայտարարությունն առանձնահատուկ է, քանի որ արվել է Ցեղասպանության տարելիցի նախօրեին և Հայաստանի նախագահի ու հայ հոգևոր առաջնորդների ներկայությամբ:
Լրատվամիջոցը մեջբերում է նաև Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի խոսքը, որի ընթացքում, թերթի փոխանցմամբ, 13 անգամ հնչել է «ցեղասպանություն» բառը:
BBC-ին նշում է, որ Վատիկանի հայտարարությունը զայրացրել է թուրքական կողմին և այն կանդրադառնա նաև հայ-թուրքական հարաբերությունների վրա:
Լրատվամիջոցը գրում է, որ Պապը, ով անցած տարի այցելել էր Թուրքիա, հրաշալի գիտակցում էր՝ Ցեղասպանություն բառի օգտագործումը կզայրացնի թուրքական կողմին, սակայն իր ազդեցիկ ուղերձը, ուր նշվում է, որ «թաքցնել կամ հերքել չարիքը համարժեք է վերքը առանց վիրակապի արնահոսության թողնելուն» տարածվել է նաև այլ, ավելի նոր շրջանի մասսայական ոճրագործությունների:
The Independent պարբերականը գրում է, որ Ֆրանցիսկոս պապի հայտարարությունը հնչել այն բանից հետո, երբ թուրքական մամուլը հաղորդել է՝ Թուրքիան բեմի հետևում մեծ ջանքեր է գործադրում ՝ փորձելով հետ պահել հոգևոր առաջնորդին այդ քայլից: Որոշ աղբյուրների համաձայն, ինչպես գրում է պարբերականը, թուրքական կողմը նաև փորձել է կանխել Մեծ Եղեռնի առիթով Սուրբ պատարագը Վատիկանում:
Գերմանական Deutsche Welle ընդգծում է, որ Հռոմի պապի հայտարարությունը երախտագիտությամբ է ընդունվել հայկական կողմից:
Թերթը գրում է, որ չնայած հայերի նկատմամբ իրականացրած ոճրագործությունը չուներ բացեիբաց կրոնական բնույթ, Ֆրանցիսկոս պապը զուգահեռներ է անցկացրել հայ նահատակների և վերջին շրջանի քրիստոնյա փախստականների միջև, ովքեր փախել են իսլամական պետության հետապնդումներից:
Հայոց Ցեղասպանությանն ու Սուրբ Պետրոս տաճարում Հռոմի Ֆրանցիսկոս պապի մատուցած Սուրբ պատարագին անդրադարձել են նաև ֆրանսիական, իսրայելական և բազմաթիվ այլ միջազգային լրատվամիջոցներ: