13/04/2015 12:06
Ադրբեջանում ընթանում է հայ գերի Արսեն Բաղդասարյանի դատավարությունը
Ադրբեջանում Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանում դռնփակ կարգով ընթանում է գերի ընկած ԼՂՀ քաղաքացի Արսեն Բաղդասարյանի դատավարությունը: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Դատական նիստի նախագահող դատավորը Էլբեյ Ալլահվերդիևն է՝ դատավորներ Զաբիլյա Հասիմովի ու Էլմին Ռուստամովի մասնակցությամբ:
Դատական գործընթացին մասնակցում են նաև ադրբեջանցի զինծառայողներ, որոնք գերի են վերցրել ԼՂՀ քաղաքացուն:
Ըստ լրատվամիջոցի՝ Բաղդասարյանն ապահովվել է թարգմանչով, իսկ նրա պաշտպանությունն իրականացնում է փաստաբան Ռամիզ Աբդուլաևը:
Ապրիլի 7-ին կայացած նախնական նիստի ժամանակ մեղադրող Անար Միրկիշիևը Ադրբեջանի քրեական օրենսգրքի 12 կետերով մեղադրանք է առաջադրել Արսեն Բաղդասարյանին:
Նշենք, որ հունվարին ադրբեջանական կողմը հայտարարել էր, որ Արսենը սահմանն անցել է ինքնակամ՝ չդիմանալով «հայկական բանակում տիրող բարքերին»: Հաղորդվում էր նաև, որ նա ցանկություն է հայտնել տեղափոխվել երրորդ երկիր:
Այսպիսով՝ Ադրբեջանի անգամ պաշտոնական գերատեսչությունն, այս դեպքի վերաբերյալ շատ հակասական վարկածներ է ներկայացնում:
Հիշեցնենք, որ Արսեն Բաղդասարյանի ադրբեջանական կողմում հայտնվելու օրն Արցախի ՊԲ-ն հայտարարել էր, որ նա՝ հանդիսանալով Պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայող, պարբերաբար ինքնակամ լքել է իր մշտական տեղակայման վայրը, որի համար հրամանատարության որոշմամբ, կարգապահական խախտումներ կատարելու հիմնավորումով, ժամանակավորապես հեռացված է եղել ծառայությունից: