13/04/2015 12:47
Սպիվակովը Հայաստանում է՝ կիսելու հայ ժողովրդի վիշտը
Երեկ երեկոյան Երևան է ժամանել աշխարհահռչակ դիրիժոր և ջութակահար, հայ ժողովրդի մեծ բարեկամ Վլադիմիր Սպիվակովը։ Մաեստրոն այս օրերին Հայաստանում է՝ կիսելու հայ ժողովրդի վիշտը, իր ղեկավարած համերգներով ոգեկոչելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Այս մասին հայտնում են Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից:
Երեկ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում պատասխանելով լրագրողների հարցին՝ ի՞նչ վերաբերմունք ունի Հայոց ցեղասպանության փաստի վերաբերյալ, Վ. Սպիվակովը նշել է, որ իր այցելությունն ինքնին խոսում է այդ մասին. «Ես եկել եմ Հայաստան, և ի՞նչ եք կարծում՝ ինչ դիրքորոշում պետք է ունենամ»։ Իսկ այն հարցին, թե աշխարհի ոչ բոլոր երկրներն են ճանաչել Ցեղասպանությունը, մաեստրոն պատասխանել է. «Դա նրանց խնդիրն է։ Ամբողջ աշխարհը չէ, որ չի ճանաչում, ճի՞շտ է։ Օրինակ, Հռոմի պապը ճանաչեց Ցեղասպանության փաստը։ Կարծում եմ՝ դա շատ լուրջ պատմություն է, որը հեռուն գնացող հետևանքներ կունենա։ Ռուսաստանը ճանաչել է…»։
Երևանյան երեք համերգ. ինչո՞վ է պայմանավորված երեք տարբեր համերգային ծրագրերի ընտրությունը։ Մաեստրոն խոստովանում է, որ ինքը կրկնվել չի սիրում. «Երեկ Չայկովսկուն նվիրված փառատոնում մենք նվագում էինք բոլորովին այլ ծրագիր, որտեղ որպես մենակատար հանդես եկավ Ալեքսանդր Ռոմանովսկին, ով Ուկրաինայից է և այժմ ապրում է Իտալիայում։ Հիասքանչ հանդես եկավ։ Հայաստան կգա շատ լավ մի աղջնակ, դաշնակահարուհի Վարվարա Կուտուզովան, ում հետ առաջին համերգին կներկայացնենք Մոցարտի երաժշտությունը։ Կարծում եմ՝ հանդիսատեսը հաճույք կստանա»։
Աղբյուրը հիշեցնում է, որ Երևանում ապրիլի 14-16-ը երեք համերգով հանդես կգա Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Վլադիմիր Սպիվակովի ղեկավարությամբ։