14/04/2015 16:11
Ավարտվեց Հայաստանի ԶԼՄ-ների միջև անցկացվող մինի-ֆուտբոլի 6-րդ մրցաշարը
Ավարտվեց «Դինամո» մարզահամալիրում անցկացվող` Հայաստանի ԶԼՄ-ների միջև մինի-ֆուտբոլի 6-րդ մրցաշարը: Եզրափակիչ խաղում հանդիպեցին Mediamax լրատվական գործակալության և news.am կայքի թիմերը, իսկ երրորդ տեղի համար` slaq.am կայքի և «4-րդ իշխանություն» թերթի թիմերը: Այս մասին հայտնում են ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Մրցաշարին մասնակցել էին News.am, slaq.am կայքերի, Հանրային ռադիոյի, Հանրային հեռուստաընկերության, «Ավետիս» հեռուստաընկերության, Mediamax գործակալության, «4-րդ իշխանություն» թերթի և Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիայի լրագրողներից ձևավորված 8 թիմ:
Միջոցառման կազմակերպիչն էր Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան (ԱԹԱ): ՎիվաՍել-ՄՏՍ-ը մրցաշարի գլխավոր գործընկերն էր: Աջակցում է Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ընկերությունը` ըմպելիքներ ապահովելով մասնակիցների համար:
Հաղթող` Mediamax գործակալության թիմը պարգևատրվեց «ՎիվաՍել-ՄՏՍ-2015» գավաթով, մեդալներով և պատվոգրերով: Երկրորդ և երրոդ տեղեր զբաղեցրած` News.am և slaq.am թիմերը ևս ստացան գավաթներ, պատվոգրեր և մեդալներ: Մրցանակների արժանացան նաև 10 անվանակարգում աչքի ընկած խաղացողները` լավագույն դարպասապահը, պաշտպանը, հարձակվողը, ռմբարկուն, երկրպագուն, խաղացողը, ֆուտբոլի վետերանը, թիմի ղեկավարը, ամենագեղեցիկ գոլի հեղինակը և մրցաշարը լավագույնս լուսաբանող լրագրողը:
Փակման արարողությանը ներկա գտնվեցին և մրցանակակիրներին մրցանակները հանձնեցին ֆուտբոլի վետերան, ՀՀ վաստակավոր մարզիչ, հայկական ֆուտբոլի բոլոր ժամանակների լավագույն հարձակվողներից մեկը, ԽՍՀՄ սպորտի վարպետ, Հայաստանի վաստակավոր մարզիչ Սարգիս Հովիվյանը և Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:
Հատուկ մրցանակներ որոշ անվանակարգերում հաղթող դուրս եկած խաղացողներին տրամադրեցին Հայաստանի «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության նախագահի 1-ին տեղակալ, ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի պետ, որտիկանության փոխգնդապետ Գառնիկ Հայրապետյանը, «Երևան գարեջուր» ՓԲԸ մարկետինգի բաժնի պետ Զոհրակ Վարդազարյանը:
Մրցաշարի փակմանն ընթերցվեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի ողջույնի խոսքը մասնակիցներին: