14/04/2015 13:50
Հայոց ցեղասպանությունն առաջինը դատապարտած երկիրը հենց Օսմանյան կայսրությունն է. Թուրքագետ
«Թեև ժամանակակից Թուրքիան շարունակում է ժխտել Մեծ Եղեռնի իրողությունը, սակայն անհերքելի փաստ է, որ Հայոց ցեղասպանությունն առաջինը դատապարտած երկիրը հենց Օսմանյան կայսրությունն է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման տեսակետ հայտենց թուրքագետ Մելինե Անումյանը:
Հստակեցնելով խոսքը՝ նա նշեց, որ խոսքը վերաբերում է 1919-1921թթ-ին՝ Ստամբուլի ռազմական արտակարգ ատյաններում կայացած երիտթուրքերի դատավարություններին, որոնք վերաբերում են հայերի տեղահանության և կոտորածների մեղադրանքով հարուցված դատական գործերին: Դրանց թիվն, ըստ նրա, հասնում է մոտ 63-ի:
Թուրքագետն ընդգծեց, որ 1919-1921 թվականներին, երբ դեռ գոյություն չուներ Ցեղասպանություն տերմինը, այդ տարիներին տեղի ունեցած դատավարությունները և դրանց ընթացքում ներկայացված մեղադրական եզրակացությունները, կայացած դատական վճիռները, բացահայտ ցույց են տալիս, որ Ցեղասպանություն եզրը կարելի է բնորոշել հենց այս դատավարություններում ներկայացված փաստերով։
Նրա խոսքով՝ Ցեղասպանություն գիտական տերմինը շրջանառության մեջ է դրվել 1948թ-ին, սակայն երիտթուրքերի կուսակցության և կառավարության անդամների դատավարության մեղադրական եզրակացություններում, որը բաղկացած էր մոտ 41 պաշտոնական հեռագրից ու այլ փաստաթղթերից, ընդգծվում է, որ այս հանցագործություններն ի սկզբանե կազմակերպված են եղել: «Այդ գործերում խոսվում է տեղահանության և զանգվածային կոտորածների մասին: 63 դատավարություններից ամենակարևորը երիտթուրքերի կուսակցության և կառավարության անդամների դատավարությունն է՝ 1919թ-ի ապրիլի 28-ից մինչ հուլիսի 5-ը ընկած ժամանակահատվածում, որի ժամանակ ընդունված դատավճռով, հեռակա կարգով, մահվան են դատապարտվել Թալեաթը, Էնվերը և Ջեմալը»,- նշեց նա՝ հավելելով, որ մեղադրանքներ են առաջադրվել նաև ոմն դոկտոր Նազըմի նկատմամբ, ով մյուսների հետ համարվում է Հայոց ցեղասպանության գլխավոր պատասխանատուն։
Թուրքագետն ասաց նաև, որ բացի այս դատավարությունները, տեղի են ունեցել նաև կուսակցության պատասխանատու քարտուղարների դատավարություններ, որոնք ևս կարևոր փաստեր են համարվում։ «Այս դատավարությունները հնարավոր եղավ իրականացնել հատկապես այն հանգամանքի շնորհիվ, որ 1918-21 թվականներին թուրքական կառավարության ղեկավարները և այլ պաշտոնատար անձիք հիմնականում ընտրվում էին երիտթուրքական ընդդիմադիր կուսակցությունից: Այն կոչվում էր «Ազատություն և համաձայնություն» կուսակցություն, որի անդամենրը երիտթուրքերի կողմից հալածվել էին առաջին աշխարհամարտի տարիներին: Նրանք առավել հետամուտ էին հայերի տեղահանության և կոտորածների մանրամասների բացահայտմանն և վերծանմանը»,-շարունակեց իր խոսքը թուրագետը՝ շեշտելով, որ մինչ 2005թ-ը թուրքական պատմագրությունն աշխատում էր այն ուղղությամբ, որ հնարավորինս կոծկվեն այդ փաստերն ու լռության մատնվեն:
Թուրքագետի խոսքով, սակայն, թուրք պատմաբան Թաներ Աքչամը, ով ապրում էր Գերմանիայում, այս թեմայով սկսել էր հրապարակումներ անել և գրքեր հրատարակել: Գրքեր է հրապարակել նաև ցեղասպանագետ Վահագն Դադլյանը։ Ըստ նրա՝ սա է պատճառներից մեկը, որ թուրքական արխիվները չեն բացվում:
«2005 թ-ից թուրքերը համոզվելով, որ այլևս չեն կարողանում թաքցնել այս դատավարությունների կայացման փաստը, այլ մարտավարություն ընտրեցին՝ սկսեցին փաստերը խեղաթյուրել»,- հավելեց նա։