14/04/2015 10:47
ՀՀ արտգործնախարարն ընդունել է Ռուսաստանի փոխարտգործնախարարին
Նախօրեին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսեյ Մեշկովին, ով Երևան է ժամանել արտգործնախարարությունների միջև խորհրդակցությունների անցկացման կապակցությամբ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը բարձր է գնահատել Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գերատեսչությունների միջև հաստատված արդյունավետ փոխգործակցությունը, որը հայ-ռուսաստանյան դաշնակցային հարաբերությունների բաղկացուցիչ մասն է կազմում։ Նախարարը կարևորել է միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությունը՝ ընդգծելով, որ անցյալ շաբաթ Մոսկվա կատարած իր այցելությունը լավ առիթ էր անդրադառնալու նաև այդ բնագավառում համագործակցության հարցերին։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ալեքսեյ Մեշկովը անդրադարձել է ԱԳՆ-ների միջև կայացած խորհրդակցությունների արդյունքներին։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել եվրոպական կազմակերպությունների շրջանակներում երկկողմ փոխգործակցության, եվրոպական կառույցների հետ Հայաստանի և Ռուսաստանի համագործակցության շուրջ։