15/04/2015 21:10
Եվրոպական խորհրդարանը միաձայն ընդունեց Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձևը
Եվրոպական խորհրդարանը միաձայն ընդունեց «Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին» նվիրված բանաձևը: Բանաձևը դատապարտում է բոլոր տիպի ցեղասպանություններն ու մարդկության դեմ ուղղված հանցագործությունները, կարևորում դրանց կանխարգելմանն ուղղված ջանքերը: Այս մասին իր Facebook-յան էջում գրում է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:
Շեշտելով Օսմանյան Կայսրությունում 1.5 միլիոն անմեղ հայերի կոտորածները, իր եղբայրական աջակցությունն է հայտնում հայ ժողովրդին Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ և կոչ է անում Եվրոպական հանձնաժողովին ու Եվրոպայի խորհրդին միանալ հիշատակի արարողություններին:
Փաստաթուղթը հղում անելով 1987թ. Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» բանաձևին, վերահաստատում է իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության եղելության մասին, ընդգծելով, որ Ցեղասպանությունների ժամանակին կանխարգելումն ու արդյունավետ պատասխանատվությունը պետք է լինի միջազգային հանրության առաջնահերթություններից մեկը: Բանաձևում կոչ է արվում Թուրքիային հաշտվել և առերեսվել սեփական պատմության հետ, առանց նախապայմանների կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ` սահմանները բացելու և դիվանագիտական հարաբերություններ ստեղծելու միջոցով:
Հարկ եմ համարում նշել, որ այս բանաձևն արդյունք է Եվրոպական խորհրդարանի բոլոր քաղաքական խմբերի համատեղ նախաձեռնության ու միասնական աշխատանքի: Չնայած թուրքական լոբբիի ակտիվ ջանքերին, այս գործում իրենց ջանքերն են ներդրել նաև մեր դիվանագիտական առաքելությունը և Բրյուսելում աշխատող հայկական լոբբիստական կազմակերպությունները: