15/04/2015 19:00
Թանկյան. Թուրքիան իր փողերն օգտագործում է իր ամոթալի ժխտողականությունն իրականացնելու համար
System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը Spin ամսագրին տված հարցազրույցում անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին և նրան նվիրված «Wake Up the Souls» շրջագայությանը: Լրագրողի հարցին, արդյոք դժվար էր մի կողմ դնել խմբում առկա տարաձայնությունները այդ գործը կատարելու համար՝ Ս. Թանկյանը պատասխանել է, որ իրենց խմբում չի եղել դա անելու-չանելու վերաբերյալ տարաձայնություն, այլ միայն, «թե ինչպես հասնեն դրան»:
«Մեզ առաջին անգամ հնարավորություն է տրվել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված համերգ տալ Հայաստանում և իրազեկելու մարդկանց այդ դաժան հանցագործության մասին՝ Թուրքիայի ամոթալի ժխտման և անցյալի հանցագործությունների համար արդարության հասնելու համար: Նյուրնբերգյան դատավարությունը, ՄԱԿ-ի Ցեղասպանության վերաբերյալ կոնվենցիան և ողջ աշխարհում տասնյակ հանձնաժողովներ բավարար չեն եղել դադարեցնելու ցեղասպանությունները մեր կյանքի ընթացքում: Շատ գործ կա դեռ անելու»,- ասել է Ս. Թանկյանը:
Նա ասել է, որ մեծացել է քաղաքականապես ոչ ակտիվ ընտանիքում, իսկ ակտիվիզմի իր անցումը տեղի է ունեցել «ժողովրդավարության» կեղծավորության արդյունքում, որը որպես Թուրքիայի հետ հարաբերությունների քաղաքական կապիտալ օգտագործում է Առաջին համաշխարհային պատերազմի ցեղասպանությունը: «Դա բացեց իմ աչքերը ողջ աշխարհում տեղի ունեցող այլ անարդարությունների հանդեպ»,- ասել է Ս. Թանկյանը:
Խոսելով «1915» ֆիլմի մասին, նա նշել է, որ այն յուրահատուկ հոգեբանական թրիլեր է, որի թեման է կորստի տրավման և շարունակական ցավը, որ ցեղասպանության ժխտումը կարող է բերել վերապրածների երեխաներին , իսկ ինքը հաճույքով է երաժշտություն գրել ֆիլմի համար՝ խորասուզվելով մեղեդիների և գույների մեջ, որոնք նախկինում հազվադեպ է օգտագործել: «Տխուր ճշմարտությունն այն է, որ Թուրքիայի կառավարությունն իր ազդեցությունը և փողերն օգտագործում է իր ամոթալի ժխտողական քաղաքականությունն իրականացնելու և պատասխանատվությունից խուսափելու համար, որպեսզի փոխհատուցումներ չտրամադրի զոհերին»,- ասել է Ս. Թանկայնը:
Ս. Թանկյանը նաև ասել է, որ Թուրքիան այնպես է արել, որ դեռ սենատոր եղած ժամանակ Բարաք Օբաման, ով քննադատում էր Ջորջ Բուշին «ցեղասպանություն» բառը չօգտագործելու համար, նույնպես չօգտագործի այդ բառը նախագահ դառնալուց հետո: