15/04/2015 11:25
Տիգրան Մարտիրոսյանը՝ Եվրոպայի չեմպիոն
Տիգրան Մարտիրոսյանը հռչակվել է ծանրամարտի Եվրոպայի եռակի չեմպիոն, իսկ Անդրանիկ Կարապետյանը բրոնզե մեդալ է նվաճել Թբիլիսում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 77 կգ քաշային կարգում:
Աշխարհի 2010թ. չեմպիոն Տիգրան Մարտիրոսյանը երկամարտում գրանցել է 351 կգ արդյունք և, անձնական քաշով գերազանցելով Ռուսաստանը ներկայացնող գերմանացի Վիկտոր Գեցին, նվաճել է ոսկե մեդալ:
Դոպինգի պատճառով 2 տարվա որակազրկումից հետո մրցահարթակ վերադարձած Անդրանիկ Կարապետյանը երկամարտի 350 կգ արդյունքով եզրափակել է լավագույն եռյակը:
Պոկում վարժությունում 19-ամյա Կարապետյանը 164 կգ արդյունքով նվաճել է փոքր ոսկե մեդալ, իսկ Մարտիրոսյանը և Վիկտոր Գեցը 160-ական կգ ցուցանիշով բաժանել են 2-3-րդ տեղերը, սակայն հայ ծանրորդը փոքր արծաթե մեդալի է արժանացել ավելի թեթև լինելու շնորհիվ:
Հրում վարժությունում Տիգրան Մարտիրոսյանը և Վիկտոր Գեցը գրանցել են 191 կգ, իսկ Կարապետյանը 186 կգ արդյունքով նվաճել է փոքր բրոնզե մեդալ: