16/04/2015 17:34
Գ. Սահակյանն ու Ս. Նարիշկինը քննարկել են ԵՏՄ-ին առնչվող հարցեր
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն այսօր Սանկտ Պետերբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Կողմերը քննարկել են Եվրասիական տնտեսական միությանն առնչվող հարցեր:
Սերգեյ Նարիշկինը շնորհակալություն է հայտնել Գալուստ Սահակյանին «Եվրասիական տնտեսական հեռանկարներ» միջազգային համաժողովի աշխատանքներին անձամբ մասնակցելու համար: Նա իր գոհունակությունն է հայտնել նաև խորհրդարանական երկկողմ համագործակցության զարգացման առնչությամբ և վստահեցրել, որ ռուսական կողմն ամեն ինչ կանի համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ:
Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը փաստել է, որ Հայաստանի Հանրապետության խորհրդարանում արդեն ստեղծվել է հատուկ փորձագիտական խումբ, որը զբաղվելու է ԵՏՄ անդամակցության հետ կապված օրենսդրության համապատասխանեցման և դրան առնչվող տեղեկությունների վերլուծության հարցերով:
Կողմերը քննարկել են երկու երկրների տնտեսությանը, միասնական շուկայում Հայաստանի Հանրապետության ներգրավվածության արդյունավետությանն ու համատեղ բազմաթիվ ծրագրերին վերաբերող հարցեր: