16/04/2015 18:34
Նախագահը ծանոթացել է սոցիալական նշանակության բնակարանների շինաշխատանքների ընթացքին
ՀՀ Նախագահ, ԵՊՀ շրջանավարտների միավորման հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ծանոթացել է «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի իրականացման ընթացքին:
Հանրապետության Նախագահը Երևանի քաղաքապետի, համայնքի ղեկավարի և ծրագրի պատասխանատուների ուղեկցությամբ այցելել է Պարույր Սևակի 8 և 8/1 հասցեներում «Մատչելի բնակարան երիտասարդ գիտնականներին և ստեղծագործական միությունների անդամներին» բնակարանային ապահովության ծրագրով կառուցվող «Զեյթուն 1» շենքային համալիրի տիպային բնակարաններ, այնուհետև ծանոթացել է հարակից տարածքում «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» բնակարանային ապահովության ծրագրով կառուցվող «Զեյթուն 2» համալիրի նախագծերին ու մեկնարկած շինարարական աշխատանքների ընթացքին:
Ավան վարչական շրջանում ևս Սերժ Սարգսյանին ներկայացրել են նույն բնակապահովության սոցիալական ծրագրի շրջանակներում Ծարավ Աղբյուրի փողոցում կառուցվող «Ավան 4» և «Ավան 5» բնակարանաշինական ծրագրերի ընթացքը:
Շուկայականից ցածր գներով «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության կողմից տարբեր բնագավառների երիտասարդ մասնագետների՝ դասախոսների և գիտաշխատողների, լրագրողների, հանրակրթական դպրոցների մանկավարժների, բժիշկների և մարզիկների, ՀՀ ԳԱԱ երիտասարդ գիտաշխատողների ու արվեստագետների, բանկային համակարգի, տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտների, Մատենադարանի ու ազգային պատկերասրահի երիտասարդ մասնագետների, պետական ու համայնքային ծառայողների համար կառուցվող բազմաբնակարանային-բազմաֆունկցիոնա լ շենքային համալիրների բնակարանաշինական ծրագրերի ընդհանուր արժեքը կազմում է 38.315.056.828 ՀՀ դրամ, իսկ կառուցվող բնակարանների ընդհանուր քանակը՝ 1795:
Լրագրողների հետ զրույցում «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Արսեն Քարամյանը նշեց, որ արդեն բարի ավանդույթ է դառնում՝ ամեն տարի շուրջ 300 բնակարան հանձնվում է շահագործման:
Նա հիշեցրեց, որ 2014թ-ի օգոստոսի 2-ին շահագործման հանձնվեց «Ավան 3» համալիրը` 330 բնակարանով, ընդամենը երկու ամիս հետո շահագործման կհանձնվի գրեթե նույնչափ բնակարաների շահառուներին Քանաքեռ-Զեյթուն համայնքում, այժմ շինարարական ընթացքի մեջ է «Ավան 4» համալիրը, որի շինաշխատանքներն ընթանում են և 10 ամիս հետո 490 բնակարանով` 7 մասնաշենքով կշահագործվի. «2017թ-ին ամփոփելու լինենք, մենք կունենանք շուրջ 2000 սոցիալական նշանակության բնակարան»: