17/04/2015 18:30
Դավութօղլուի կոչը եվրոպական երկրներին. Մեզ խոնարհել ոչ ոք չի կարող
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն ևս մեկ անգամ մեկնաբանել է Եվրախորհրդարանի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը և վերահաստատել իր դիրքորոշումն այս հարցի հետ կապված՝ բանաձևն «անլուրջ» որակելով:
Ինչպես գրում է թուրքական մամուլը, Թուրքիայի վարչապետը խորհուրդ է տվել աչքի անցկացնել Եվրոպայի պատմությունն ու տեսնել, թե ինչեր են տեղի ունեցել Աֆրիկայում, Ասիայում կամ Ավստրալիայում:
«Եթե Եվրոպան ցանկանում է պահել իր բազմամշակույթ, բազմակրոն կառուցվածքը, ապա չպետք է որևէ կրոնական կամ ազգային խմբի դեմ ատելություն սերմանող հայտարարություններ անի»,- հայտարարել է նա:
Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին՝ նա նշել է, որ այն արդեն դադարել է մնալ միայն Հայաստանին ու Թուրքիային առնչվող հարց, և բոլոր երկրներին խորհուրդ է տվել հեռու մնալ այդ խնդրից:
«Աշխարհի տարբեր կողմերում հայերի և թուրքերի հաշտեցման, ցավերը կիսելու համար պատրաստ ենք անել այն ամենը, ինչ անհրաժեշտ է: Պատրաստ ենք Թուրքիայի և Հայաստանի միջև բարիդրացիական լավ հարաբերություններ հաստատել, բայց Հայաստանն էլ պետք է քայլեր ձեռնարկի Ադրբեջանի հետ հարաբերություններ հաստատելու համար: Չպետք է մուսուլման թուրքերին հավաքական հանցագործությունների մեջ մեղադրել: Բոլոր երկրներին, երկրների խորհրդարաններին ու առաջնորդներին զգուշացնում եմ՝ ով էլ որ լինի, եթե մեր ազգին պատմության դատարանի առաջ առանց պատմական փաստերի, արխիվային փաստաթղթերի փորձի մեղադրել, նրա դեմ մեր հստակ դիրքորոշումն ենք դնելու: Հաշտության պատրաստ ենք, պատրաստ ենք կիսել ցավերը, սակայն մեզ խոնարհել ոչ ոք չի կարող»,-ասել է նա: