17/04/2015 11:57
Ա. Զաքարյան. Լիահույս ենք, որ ԵՄ-ն ցանկանում է խորացնել հարաբերությունները Հայաստանի հետո
Վիլնյուսից հետո Ռիգայի գագաթաժողովը դառնում է կարևոր հարթակ: Արևելյան գործընկերությունը ներկայումս բարդ ժամանակներ է ապրում, հասկանալի է, որ բարդ կլինի ընդհանուր ու միասնական լուծումներ գտնելը: Տարբեր իրավիճակներ են ստեղծվել տարբեր երկրներում: Այս մասին ԱԺ-ում ընթացող` «Ռիգայում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովին ընդառաջ» խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:
Նա հիշեցրեց, որ ՀՀ նախագահը բազմաթիվ իր հանդիպումներում ու խոսքում բազմիցս նշել է, որ ԵՄ հետ հարաբերություններում մենք հենվում ենք ընդհանուր համաեվրոպական արժեքների վրա և կարևորում այդ հարաբերությունները: Պատգամավորն ասաց, որ ակտիվ կերպով բոլոր հնարավոր քաղաքական հարթակներում տեղի են ունենում քննարկումներ, որոնց նպատակն է հասկանալ, թե որ ոլորտներում կարող ենք ակտիվ համագործակցել` ԵՏՄ անդամակցությանը զուգահեռ:
Ա. Զաքարյանի խոսքով՝ ներկայում ՀՀ-ԵՄ երկկողմ հարաբերությունների օրակարգում կարևորագույն հարցը նոր իրավական հիմքի ձևավորումն է.
«Մենք լիահույս ենք, որ Ռիգայի գագաթաժողովում կհայտարարվի, որ ԵՄ-ն ցանկանում է խորացնել հարաբերությունները Հայաստանի հետո` նոր հիմքով և սկզբունքներով»,- շեշտեց նա` հավելելով, որ հույս ունի նաև, որ գագաթաժողովը նաև երկուստեք հնարավորություն կընձեռնի հարաբերությունների խորացմանը:
Հիշեցնենք, Ռիգայի գագաթաժողովը կկայանա մայիսի վերջում:
Նախորդող հրապարակում՝ Ն. Զոհրաբյան. Քաղաքական կամ տնտեսական որևէ շահ չի կարող արդարությունից վեր լինել