17/04/2015 16:43
Մշակութային եղեռն. Խաչքարերի ցուցահանդես՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը
Ապրիլի 20-ին ժամը 16:00-ին մայրաքաղաքի Գլխավոր պողոտայի Նալբանդյան-Հանրապետության փողոցների միջնամասի այգում տեղի կունենա «Մշակութային եղեռն - խաչքարերի խուրհուրդը» բացօթյա ցուցահանդեսի բացումը: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների կազմակերպման հանձնաժողովից:
Ցուցահանդեսի շրջանակում նախատեսվում է ներկայացնել կորուսյալ, ոչնչացված 12 խաչքարերի կրկնօրինակները, որոնք վերարտադրել է ժամանակից խաչքարագործ Արտակ Համբարձումյանը՝ հենվելով խաչքարագործ հայ վարպետների դարավոր ավանդույթների վրա:
Արևմտյան Հայաստանի հուշարձանների ճակատագրին արժանացան նաև Հին Ջուղայի խաչքարադաշտի ավելի քան 4500 խաչքարերը: Դրանք հիմնահատակ ոչնչացվեցին 2005 թ-ին՝ ադրբեջանական բանակի կողմից:
Ցուցահանդեսի շրջանակում, խոսուն լուսանկարներով, կներկայացվեն նաև Հայոց վանքերի ու բերդերի նախկին և ներկա տեսքերի մի քանի պատառիկներ: