17/04/2015 18:47
Սպիտակի ոլորաններում զինվորական մեքենա է շրջվել. 8 զինծառայող հիվանդանոցում է, 3-ի վիճակը ծանր է
Այսօր, ժամը 16.56-ին ՏԿԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և Լոռու ՄՃԿԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ միջպետական Մ-3 ավտոճանապարհի Սպիտակ-Երևան հատվածի 24-րդ կմ-ին դեռևս չբացահայտված հանգամանքներում բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել հարակից ձորակը (մոտ 10 մ):
Ըստ որոշ տեղեկությունների՝ շրջված մեքենան զինվորական է:
Aysor.am-ի հետ զրույցում ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հաստատեց այս տեղեկությունը՝ նշելով, որ Սպիտակի հիվանդանոց է տեղափոխվել 8 զինվորական.
«Այս պահին նախնական տեղեկություններով կարող եմ ասել, որ նրանցից երեքի վիճակը գնահատվել է ծանր»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Դեպքի հետ կապված այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում: