17/04/2015 20:41
Հայտնի է Սպիտակի ոլորաններում վթարի հետևանքով զոհված զինվորի ինքնությունը
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր ժամը 17.00-ի սահմաններում, ժամկետային զինծառայողներին տեղափոխող N զորամասին պատկանող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 19-րդ կիլոմետրին դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել հարակից ձորակը: Այս մասին տեղեկանում ենք ՊՆ մամուլի ծառայությունից:
Ավտոմեքենայի թափքում գտնվող զինծառայողները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակ քաղաքի հիվանդանոց: Երեք վիրավոր զինծառայող Սպիտակի հիվանդանոցում ստանալով առաջին բուժօգնություն` տեղափոխվել են Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Դեպքի մանրամասները ճշտվում են:
Վթարի հետևանքով ստացած վնասվածքներից մահացել է ժամկետային զինծառայող Արտյոմ Գերասի Թորոսյանը (ծնված 1995թ., Սիսիանի զ/կ, 2013թ. 2-րդ զորակոչ):
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունն է հայտնում Արտյոմ Գերասի Թորոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: