18/04/2015 11:19
Ադրբեջանցի մարզիկի պարգևատրման ժամանակ հնչել է Հայաստանի օրհներգը (Տեսանյութ)
Նախօրեին Սերբիայի Նովի-սադ քաղաքում մեկնարկած Եվրոպայի սամբոյի պատանեկան ու երիտասարդական առաջնության մրցումային առաջին օրը մեր մարզիկներից չորսը արժանացան մեդալի: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի Սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից:
Պատանիներից Դանիել Գաբրիելյանը /60կգ/ և երիտասարդներից Արման Նիազյանը /48կգ/ արժանացան բրոնզե մեդալների, իսկ Վոլոդյա Սարգսյանը /62 կգ/ և Միշա Նազարյանը /82կգ/ հասան եզրափակիչ, սակայն գրավեցին երկրորդ տեղն ու արժանացան արծաթե պարգևների:
Պարգևատրման արարողության ընթացքում մի զավեշտալի դեպք արձանագրվեց: Երիտասարդների 62 կգ քաշային կարգում ի պատիվ հաղթող Քամրան Ասքարովի Ադրբեջանի հիմնի փոխարեն հնչեց Հայաստանի պետական օրհներգը:
Թյուրիմացությունը շտկվեց րոպեներ անց:
Նշենք, որ մեր մյուս մարզիկները մրցագորգ դուրս կգան վաղը և ապրիլի 19-ին: