20/04/2015 14:11
«Պահանջատիրություն. Ի՞նչ ենք պահանջելու Թուրքիայից»
Ապրիլի 25-ին հայկական կողմը շարունակելու է այն, ինչ անում էր մինչև ապրիլի 24-ը՝ հիմքում ունենալով Ցեղասպանության համահայկական հռչակագիրը, որն ուղենիշ է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:
Նա նաև շեշտեց, որ պետք է հատուցմանն ուղղված աշխատանքով զբաղվել, ինչի նպատակով արդեն իսկ Հայոց ցեղասպանության հատուցման խնդրի ուսումնասիրության աշխատությունը կա՝ դեռևս անգլերեն տեքստով, որի վրա շարունակում են աշխատել և որը շուտով կներկայացվի քննարկման:
Կ. Մանոյանը նշեց, որ ստեղծվելու է տեսակետների փոխանակման հնարավորություն, թե ինչ ենք պահանջելու Թուրքիայից. «Հենց այդ աշխատանքով պետք է զբաղվենք»:
Բանախոսն ընդգծեց, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման միակ ճանապարհը Հայոց ցեղասպանության ճանաչումն է Թուրքիայի կողմից, որը կարող է բերել հայ և թուրք ժողովուրդների հաշտեցման. «Թուրքայի ժխտողական քաղաքականությունը ազդել է նաև թուրք հասարակության վրա»: