20/04/2015 17:34
Ապրիլի 24-ին «Վերածնունդ» համերգին կմասնակցի 43 երկրից ժամանած 123 երաժիշտ-կատարող
Ապրիլի 24-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա «24/04» համաշխարհային նվագախմբի «Վերածնունդ» խորագրով համերգը, որի մուտքն ազատ է, բայց տեղերը՝ սահմանափակ: Այսօր հրավիրված մամլո ասուլիսում այս մասին տեղեկացրել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:
Նշենք, որ համաշխարհային նվագախումբը կազմված է 43 երկրից ժամանած 123 կատարողից, որը կկատարի վերջին 100 տարվա հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները:
«Համերգին ելույթ կունենան լավագույն երաժիշտները, որի ընթացքում կհնչեն տարբեր սերունդների ներկայացուցիչների ստեղծագործություններ: Համերգն ունի չորս թեմա՝ հիշողություն, երախտագիտություն, միջազգային ճանաչում և վերածնունդ»,-ասել է մաեստրոն՝ հավելելով, որ համերգային ելույթներն ուղեկցվելու են տեսապատկերներով, որոնց միջոցով կներկայացվեն Արևմտյան Հայաստանի բնակավայրերը, մշակույթը, ինչպես նաև տեսարաններ հայկական ջարդերից:
Համերգի մեկնարկի ժամը պատահական չէ ընտրված՝ 20:15, որը խորհրդանշում է Ցեղասպանության հարյուրամյա տարելիցը:
Համերգը ղեկավարելու են դիրիժորներ Սերգեյ Սմբատյանը, Հովհաննես Չեքիջյանը, Ջանլուկա Մարիանան և Միխայիլ Յուրովսկին, ովքեր հանդես կգան ուղերձով: Մենակատարների թվում են բարիտոն, ՀՀ վաստակավոր արտիստ Գևորգ Հակոբյանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի Բարի կամքի դեսպան Մարիա Գուլեգինան, ջութակահար, բազմաթիվ միջազգային մրցույթների հաղթող Սերգեյ Խաչատրյանը, Նարեկ Հախնազարյանը և դուդուկի վարպետ Ջիվան Գասպարյանը: