21/04/2015 12:08
ԱԺ-ն կրկին միավորվեց. Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարությունն ընդունվեց
Քիչ առաջ ԱԺ-ն քվեարկությամբ միաձայն ընդունեց Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի հայտարարությունը՝ «Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ»: Արտահերթ նիստին ներկա 112 պատգամավորներից 112-ը քվեարկեց կողմ:
Որոշումն ընդունվեց ծափերով:
Ստորև ներկայացնում ենք հայտարարության տեքստն ամբողջությամբ.
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը՝
- հիմք ընդունելով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի՝ 1948 թվականի դեկտեմբերի 9-ին ընդունած «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիան, ՀԽՍՀ Գերագույն խորհրդի՝ 1988 թվականի նոյեմբերի 22-ին ընդունած «Օսմանյան Թուրքիայում հայերի 1915 թ. ցեղասպանության դատապարտման մասին» օրենքը,
- արժևորելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրով ամրագրված դրույթները,
- կարևորելով միջազգային հանրության հետ համատեղ ուժերով մարդկության դեմ հանցագործությունների, ցեղասպանությունների դատապարտմանը եւ կանխարգելմանն ուղղված ջանքերում հայ ժողովրդի ներդրումը,
- երախտագիտություն հայտնելով բոլոր պետությունների խորհրդարաններին, պետական և տեղական կառույցներին ու միջազգային կազմակերպություններին, որոնք պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, ընդունել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքներ,
կոչ է անում բոլոր երկրների խորհրդարաններին, միջխորհրդարանական և միջազգային կազմակերպություններին պաշտոնապես ճանաչել և դատապարտել Օսմանյան կայսրության իրականացրած Հայոց ցեղասպանությունը` որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն: