22/04/2015 13:12
Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը՝ Սերժ Սարգսյանին. Պարո'ն նախագահ, ես Ձեզ հետ եմ
Չափազանց տխուր եմ, երբ մտածում եմ ու հասկանում, թե ինչի են ունակ մարդիկ: Միևնույն ժամանակ` հուզված եմ, որ այստեղ եմ: Այս մասին այսօր «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» հասարակական-քաղաքական գլոբալ համաժողովի իր ելույթում ասաց Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը:
«Տխուր եմ, որովհետև մտածում եմ այն մարդկանց մասին, ովքեր կյանքը կորցրեցին այս ողբերգության ժամանակ: Տխուր եմ, երբ մտածում եմ, թե ինչի են ունակ մարդ արարածները: Միաժամանակ, հուզված եմ, որ այստեղ եմ, որովհետև ես Ֆրիտյոֆ Նանսենի երկրից եմ: Երբ ես տարիներ առաջ մասնակցեցի Պաղեստինի առաջնորդի կազմակերպած հյուրասիրությանը, այդ երեկո ինձ բախտ վիճակվեց նստել Հայ Առաքելական եկեղեցու հոգևորականի կողքին: Նա ասաց՝ մի բան կա, որ ուզում եմ լսեք: Նա նանսենյան անձնագրի մի օրինակ հանեց գրպանից. այդ փաստաթուղթը Ազգերի լիգան էր տվել փախստականներին: Իմ հայրենակից Ֆրիտյոֆ Նանսենը կազմակերպել էր փախստականների ազատ տեղաշարժ, ավելի ուշ այդ նախաձեռնության համար նրան շնորհվեց Խաղաղության Նոբելյան մրցանակ: Ես հասկացա՝ ինչ միամիտ և հիմար գործողություն է մարդկանց պատերազմի միջոցով փախստական դարձնելը: Հարյուր տարի առաջ հարյուրհազարավոր հայեր զրկվեցին իրենց ներուժն իրացնելու հնարավորությունից, մատնվեցին աղքատության, և այդ կորուստները միայն հայերինը չեն, այլ աշխարհինը: Նոր նման ողբերգությունը կանխարգելելու համար մենք նախևառաջ պետք է ապրումակցենք նրանց, ովքեր տառապել են ու իրենց կյանքի գինն են վճարել, ապրումակցենք անհատին, տառապողին: Ֆրիտյոֆ Նանսենն ուներ այդ հատկանիշը, անկախ որևէ քաղաքականությունից` նա տեսնում էր տառապանքը, օգնում էր կարիքավորին ու գործում էր առանց խոսքերի: Պարզապես պետք է գործել, երբ տեսնում ես մարդկանց տառապանքը: Մենք պետք է հասկանանք, թե որտեղ և երբ է սկսվում միջազգային հանրության արձագանքը: Միջազգային հանրությունը դեռևս շատ է հապաղում, քաղաքականությունը խանգարում է կարեկցանքին: Կարծես 1945 թ .ապրելին լինենք, բայց այդպես չէ: Միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երկրները չէ, որ պետք է արձագանքեն այս հանցագործությանը, այլ բոլոր երկրները: Բայց երբ միջազգային հանրությունը չի կարողանում կանխարգելել ու միջամտել, դա մենք պետք է անենք»:
Յագլանդը նաև նշեց, որ եկել է ժամանակը համամարդկային արժեքներից հեռացած մարդկությանը բերել ի դարձ:
«Ես նաև ուրախ եմ, ուրախ, որ ներկայացնում եմ երկու աշխարհամարտերից հետո հիմնադրված մի կազմակերպություն: Այն և նման կազմակերպությունների հիմնադրվեցին, քանի որ մարդկությունը հասկացավ` ժամանակն է վերանալ ազգայնական արժեքներից, քանի որ կան երևույթներ, որոնք համամարդկային են, ու պետք է աշխարհը բերել դեպի այդ երևույթների գիտակցում»,- ասաց Յագլանդը` շարունակելով.
«Պարզ ուղերձ ունենք հղելու: Բոլորս ունենք պաշտպանելու պարտավորություն: Հայաստանը, լինելով այս խնդիրների կիզակետում, օգնում է մեզ այս քննարկումներով: ԵԽ-ն կարևորում է Հայաստանի դերը, թե որքան են հայերը ընդգծում այլատյացության դեմ պայքարի նշանակությունը: Հայ ժողովուրդը ուզում է նույնը, ինչ աշխարհի բոլոր մարդիկ: Երբ ես ճանապարհորդում եմ, տեսնում եմ, որ մարդիկ նույն ցանկություններն ունեն` ազատ ապրել հասարակության մեջ, ունենալ ընտանիք, ճամփորդել, հատել սահմաններ, և ես լիահույս եմ, որ դուք շուտով հաշտություն կգտնեք ձեր հարևանների հետ: Ամենաուժեղ հասարակությունները քաղաքականապես և տնտեսապես բաց հասարակություններն են: ԵԽ-ն պատրաստակամ է սատարել ձեզ: Հարյուր տարվա հակամարտությունը, հուսով եմ, չի ջնջի հարյուրավոր տարիների խաղաղ գոյակցությունը: Դուք հույս եք ներշնչում, որովհետև ձեր տառապանքը ուժի եք վերածել, այսօր ամբողջ աշխարհը կարող է դա տեսնել: Պետք է բացառել բռնությունը, հաղթահարել բռնության հետևանքները, բացառել դրա կրկնությունը, որ նման գործողություն տեղի չունենա: Ֆրիտյոֆ Նանսենը ասել է. «Պատերազմը կդադարի այն ժամանակ, երբ մարդիկ դադարեն կռվելուց»: Մենք պարտավոր ենք վերադառնալ այն ամենին, ինչի նկատմամբ հանձնառություն ենք վերցրել: Պետք է հեռանանք ազգայնականությունից, քայլենք դեպի միջազգայնացում, վերակենդանացնենք գլոբալիզմը: Պարո'ն նախագահ, ես Ձեզ հետ եմ»: