22/04/2015 16:01
Թուրք քաղաքագետ. Թուրքական իշխանությունները չեն պատրաստվում որևէ բան զիջել
Թուրք հասարակությունը տարբերվում է թուրքական իշխանություններից: Ինչ էլ լինի, թուրքական իշխանությունները չեն պատրաստվում որևէ բան զիջել: Այսօր «Ընդդեմ Ցեղասպանություն հանցագործության» միջազգային ֆորումի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց թուրք քաղաքագետ Ջենգիդ Աքթարը:
Պատասխանելով Aysor.am-ի հարցին, թե ի՞նչ նպատակ է հետապնդում այն, որ Թուրքիան Չանաքալեի ճակատամարտին նվիրված միջոցառումները նշում է ապրիի 24-ին, քաղաքագետը ասաց, որ նախ դրան չպետք է այդքան կարևորություն տալ, իսկ հետո նկատեց, որ իրականում այդ միջոցառումները պետք է կայանային ապրիլի 25-ին, իսկ տեղափոխության պատճառն այն է, որ Չանաքալեի ճակատամարտը առաջինը ապրիլի 24-ին մուսուլմանական երկրներից Լիբանանն է ճանաչել, ուստի թուրք իշխանությունները դրանով պայմանավորված՝ որոշել են այդ միջոցառումներն այս տարի նշել այդ օրը:
Անդրադառնալով Դավութօղլուի այն հայտարարությանը, թե Հայոց ցեղասպանությունը Թուրքիայի հայերը կնշեն այնպես, ինչպես ամբողջ աշխարհի հայերը, թուրք քաղաքագետը նկատեց՝ այո, ապրիլի 24-ին Թուրքիայի շուրջ 24 քաղաքներում հայերը պատրաստվում են նշել Հայոց ցեղասպանության օրը, դրա շրջանակներում է ներառված նաև Թուրքիայում Կոմիտասի տանը հուշատախտակի տեղադրումը: Այդ միջոցառումը նախատեսված է ապրիլի 24-ին:
«Կարծում եմ, որ սա նկատի ունի թուրք պաշտոնյան: Թուրքիայում պետությունն առանձին կառույց է, հասարակությունն՝ առանձին, հետևաբար կարծիքները ևս տարբեր են»,- ասաց քաղաքագետը՝ ընդգծելով, որ այսօր թուրքական հասարակության շրջանում բավականին լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել, և թուրք հասարակությունն այլևս առաջվանը չէ, սակայն, նրա խոսքով, դա ոչինչ էլ չի նշանակում, քանի որ պաշտոնական Անկարան ոչ մտածում է, ոչ էլ պատրաստվում է մտածել այն ուղղությամբ՝ հայկական հարցին տա իրավական ընթացք:
«Պաշտոնական մակարդակում որևէ փոփոխություններ չկան, իսկ եթե լիներ էլ, այդ մասին արդեն հայտնի կլիներ»,- ասաց նա:
Շարունակելով խոսքը՝ քաղաքագետն ասաց, որ Արամ Աթեշյանը այդ օրը հայկական եկեղեցում պատարագ է մատուցելու, որին պետական մակարդակով պաշտոնյաներ են ներկա լինելու, սակայն դա ևս ոչինչ չի նշանակում: «Արամ Աթեշյանը ոչ թե պատրիարք է, այլ՝ պատրիարքների պատգամավորը: Դա հասկանում են նաև թուրքական իշխանությունները, սակայն նրանք կիսում են հայ ժողովրդի վիշտը, բայց չեն ճանաչում մեծ ցավը»,- ասաց քաղաքագետը:
Aysor.am-ի հարցին, թե թուրքական իշխանություններին այսօր ի՞նչ է պետք, որպեսզի ընդունի ու ճանաչի Հայոց ցեղասպանությունը և հայ ժողովրդի հետ կիսի այդ մեծ ցավը, քաղաքագետը դժվարացավ պատասխանել՝ հավաստիացնելով, որ ճնշումներն իրականում որևէ ազդեցություն չեն ունենում:
«Դա պետք է հարցնել նախ թուրքական իշխանություններին: Պետության գործերով նրանք են զբաղվում: Ամեն դեպքում հասարակությունը բարձրաձայնում է, որ եղել է ցեղասպանություն, սակայն ժխտողը պետությունն է»,- ասաց նա:
Անդրադառնալով Գերմանիայի դիրքորոշմանը՝ քաղաքագետը ընդգծեց, որ եթե անգամ Գերմանիան ընդունի ու դատապարտի Հայոց ցեղասպանությունն, ապա անգամ այդ դեպքում Թուրքիայիում ոչինչ չի փոխվի: Նրա խոսքով՝ թեև հասարակությունն այսօր քայլեր է ձեռնարկում, որպեսզի պետությունը դադարեցնի իր ժխտողական քաղաքականությունը, բայց Թուրքիա պետությունն այնքան ուժեղ է, որ նրան ոչինչ էլ չի ստիպի ընդունել ու ճանաչել իր սխալը:
«Խոսք չկա, որ այս ուղղությամբ հասարակությունն անում է ամեն ինչ, սակայն դա շատ թույլ է»,- ասաց նա: