22/04/2015 20:12
Երևանի Օպերայի հանդիսատեսն ուղիղ հեռարձակմամբ դիտել է Փարիզի Շատլե համերգասրահի «100 տարվա հիշողություն» համերգը
Ապրիլի 21-ի երեկոյան Փարիզի հեղինակավոր Շատլե թատրոնի համերգասրահում տեղի ունեցավ «100 տարվա հիշողություն» համերգը: Եվրոպայում Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խոշորագույն երաժշտական միջոցառումներից մեկն Orange Հիմնադրամի աջակցությամբ ուղիղ եթերով հեռարձակվեց Հայաստանում և շնորհիվ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան, ինչպես նաև Օպերայի և բալետի ազգային թատրոնի համագործակցության` ներկայացվեց երաժշտասերներին: Երևանյան հանդիսատեսն աննախադեպ հնարավորություն ունեցավ փարիզյան համերգի ուղիղ հեռարձակմանը հետևել Օպերայի ազգային թատրոնում՝ Orange-ի կողմից կազմակերպված արբանյակային միացման և օպտիկական կապուղու շնորհիվ:
«Մեզ համար շատ կարևոր էր աջակցել Փարիզն ու Երևանը կապող այս կամուրջի կայացմանը՝ ներգրավելու հնարավորինս մեծ թվով հանդիսատեսների, քանի որ այս համերգը ոչ միայն հիշատակում և հարգանքի տուրք է մատուցում Հայոց Ցեղասպանության զոհերին, այլ խորհրդանշում է Եվրոպայի և Հայաստանի միասնականությունը: Նախաձեռնությունը հաջողվել է, քանի որ երկու դահլիճն էլ լեփ-լեցուն էին: Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում Orange-ի տեխնիկական թիմին, քանի որ ինչպես նկատեց երևանյան հանդիսատեսը՝ հեռարձակումն իրականացվեց գերազանց որակով: Հիշեցնեմ, որ հայաստանյան երաժշտասերներն ունեն համերգը դիտելու ևս մեկ հնարավորություն. այն կցուցադրվի ապրիլի 24-ին ժամը 14:00-ին «Արմենիա» հեռուստաալիքի եթերում, բացի այդ, դեռևս մի քանի օր համերգի տեսանյութը տեղադրված կլինի նաև http://foundation.orangearmenia.am կայքում», - ասաց Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը:
«100 տարվա հիշողություն» համերգին, որը նախաձեռնել և կազմակերպել էր Ֆրանսիայի Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը, մասնակից դարձան աշխարհի լավագույն նվագախմբերում հանդես եկող 50 հայ երաժիշտներից բաղկացած և հատուկ այս միջոցառման համար ստեղծված «Armenian World Orchestra» նվագախումբը, ինչպես նաև հռչակավոր Գյուլբենկյան երգչախումբը՝ մենակատարներ Հասմիկ Պապյանի (սոպրանո), Նորա Գուբիշի (մեցո-սոպրանո), Լիպարիտ Ավետիսյանի (տենոր), Տիգրան Մարտիրոսյանի (բաս) և այլոց մասնակցությամբ:
Համերգի ընթացքում հնչեցին հայ կոմպոզիտորների, այդ թվում՝ Կոմիտասի և Արամ Խաչատրյանի հայտնի ստողծագործություններ, ինչպես նաև Մոցարտի Ռեքվիեմը: Տեղի ունեցավ նաև երիտասարդ հայ կոմպոզիտոր Միշել Պետրոսյանի «Երկնքի եզրին» ստեղծագործության պրեմիերան` գրված հատուկ այս համերգի կապակցությամբ: