22/04/2015 09:46
Մաքսատուրքն էժանացել է, բայց բանանը ավելի քան 10 տոկոսով թանկացել է
«Հայկական ժամանակում» կարդում ենք. «ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նոր հրապարակած պաշտոնական տվյալներով, մարտ ամսին Երևանում մեկ կիլոգրամ բանանի միջին գինը կազմել է 1067 դրամ: Մարզերում բանանը ավելի թանկ է արժեցել՝ մինչև 1285 դրամ:
Ըստ ԱՎԾ պաշտոնական տվյալների՝ անցած տարվա դեկտեմբերի համեմատ՝ բանանը թանկացել է ավելի քան 10 տոկոսով: Սա ուշագրավ է նրանով, որ այս տարվա հունվարի 2-ից Հայաստանը անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը, և բանանը այն հազվագյուտ ապրանքատեսակներից է, որի նկատմամբ ԵՏՄ-ում կիրառվող մաքսատուրքը ավելի ցածր է՝ 5 տոկոս, քան մինչ այդ ՀՀ սահմանած մաքսատուրքը 10 տոկոս: Այլ կերպ ասած՝ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստան ներկրվող բանանի մաքսագերծման գինը նվազել է ուղիղ 5 տոկոսով և հետևաբար՝ ճիշտ այդքանով նվազել է բանանի ինքնարժեքը: Մինչդեռ, ըստ պաշտոնական վիճակագրության, բանանը մեր խանութներում թանկացել է ավելի քան 10 տոկոսով»: