22/04/2015 12:30
Թևան Պողոսյան. Թուրքիան կճանաչի Ցեղասպանությունը, երբ գիտակցի` ժխտողականության վրա ավելի շատ գումար է ծախսում
Թուրքիան ամեն օր ռեսուրսներ է ծախսում իր ժխտողական քաղաքականության ամրապնդման համար: Հայոց ցեղասպանության ճանաչումն այս երկրի կողմից հնարավոր կլինի այն ժամանակ, երբ իրենք հաշվարկներից հետո գիտակցեն, որ ժխտողականության ուղղությամբ ավելի շատ գումարներ են ծախսվում, քան կծախսեին Հայոց ցեղասպանության ճանաչման դեպքում: Այս մասին այսօր «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» հասարակական-քաղաքական գլոբալ համաժողովից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Թևն Պողոսյանը.
«Կարծում եմ` այդ օրը կգա, երբ ամբողջ աշխարհը կճանաչի իրականությունը ու կոչով կդիմի Թուրքիային»,- ասաց պատգամավորը` ընդգծելով, որ Թուրքիան միշտ էլ ունենալու է աշխարհի վրա ազդելու լծակներ.
«Հարցի կարգավորման համար մեզ այդ լծակների հակագործիքներն են պետք»,- ասաց Թևան Պողոսյանը:
Անդրադառնալով ապրիլի 24-ին Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի քննարկմանը` պատգամավորը հույս հայտնեց, որ Հռոմի պապի ելույթն ու Եվրախորհրդարանի ընդունած բանաձևն ինչ-որ չափով դերակատարում կունենան.
«Հուսանք, որ Գերմանիան իսկապես կունենա այն գիտակցությունը, որ ժամանակն է եկել ճանաչել Հայոց ցեղասպանությունն ու առերեսվել դրանում եղած սեփական բաժին մեղքի հետ»,- ամփոփեց Թևան Պողոսյանը: