22/04/2015 10:17
100 տարի անց հայ ժողովուրդն աշխարհին ներկայանում է անկախ պետությամբ ու ազատ Արցախով
Ցեղասպանությունների ու մարդկության դեմ հանցագործությունների վտանգն ամենևին չի վերացել և պահանջում է միջազգային կառույցների, պետությունների և քաղաքացիական հասարակության համախմբված հետևողական քայլեր: Այս մասին այսօր «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» հասարակական-քաղաքական գլոբալ համաժողովի ժամանակ իր ելույթում ասաց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
Նա ընդգծեց, որ Ցեղասպանության իրականացումը հետևանք էր ոչ միայն տվյալ պետության կամ հասարակության ներսում գրանցվող զարգացումների, այլև` ողջ միջազգային համակարգի ձախողման:
«Մեկ անգամ չէ ապացուցվել, որ անպատժելիությունը ցեղասպանության կրկնության նախադրյալն է»,- ասաց Սերժ Սարգսյանն` ընդգծելով, որ Առաջին և Երկրորդ աշխարհամարտերի ընթացքում միջազգային հանրությունը չկարողացավ կանխել Հայոց ցեղասպանության ու Հոլոքոստի իրականացումը:
Նախագահի խոսքով` առհասարակ ցեղասպանությունների հարցում հիշողությունն ու ներկա իրականությունը փոխկապակցված են.
«Հայերիս համար հիշողությունը բարոյական պարտավորություն է ու անհատական իրավունք»:
Նա ընդգծեց, որ ցեղասպանությունների վեաբերյալ մեր հիշողություններում մեծ է երախտագիտության տեղը` երախտագիտության մարդկային առաքինության հանդեպ, որը հազարավոր կյանքեր է փրկել:
«Հայ ժողովուրդը չի մոռանում և շնորհակալ է այն քրդերին և թուրքերին, ովքեր Ցեղասպանության ժամանակ ծածուկ փրկում էին իրենց հարևան հայի կյանքը, արաբ ժողովրդին, որն ապաստան տվեց յաթաղանից մազապուրծ եղած հայերին: Մարդասիրական գործունեություն իրականացրած ռուս, ամերիկացի, եվրոպացի անհատներին»,- ասաց Սերժ Սարգսյանը:
Նախագահն իր ելույթում շեշտեց, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների կարևորագույն հենքերից ու ուղերձներից մեկը վերածնունդն է:
«Այսօր` 100 տարի անց, ոգեկոչելով իր զոհերին` հայ ժողովուրդը համայն աշխարհին ներկայանում է անկախ պետությամբ, ազատ Արցախով, հայապահպանության և հանուն Հայաստանի զարգացման արժեքներով ապրող կենսունակ ափյուռքով` համամարդկային քաղաքակրթության զարգացման մեջ նոր ներդրումներ ունենալու ձգտումով»,- ասաց ՀՀ Նախագահը: