22/04/2015 11:35
Թուրք լրագրող. Պուտինի այցը Հայաստան անակնկալ էր թուրք իշխանությունների համար
«Զամանի» թուրք լրագրող Սելլահաթ Սեվին առաջին անգամ է Հայաստանում, վստահեցնում է, որ պատճառը ոչ թե Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներն են, այլ՝ հայ հասարակությանը ճանաչելն ու նրանց տեսակետներ լսելը:
«Ես այստեղ եմ, որպեսզի տեսնեմ՝ ինչ է կատարվում»,- այսօր «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» միջազգային համաժողովից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց նա:
«15 տարի առաջ եմ նաև եղել Հայաստանում և կարծում եմ, որ լրագրողների առաքելությունը ոչ թե մեր տեսկետը փոխանցելն է, այլ՝ հասարակության կարծիքը ունկնդրելն ու հասկանալը, փոխանցել այն, ինչ մարդիկ իրականում մտածում են: Մեզ միշտ չէ, որ հաջողվում է հակառակ կողմի հասարակության կարծիքը լսել, և եթե մենք կարողանանք ճիշտ փոխանցել այն մտքերը, ինչ իրականում մտածում են հասարակություններն, այդ ժամանակ, կարծում եմ, ավելի հեշտ կլինի արդյունքի հասնել,- ընդգծեց թուրք լրագրողը:
Նա եկել է Հայաստան մի երկրից, որտեղ 80 մլն բնակչություն կա: Նրանց տեսակետները, ըստ լրագրողի, շատ տարբեր են, նույնիսկ՝ կուսակցական առումով: Եվ, բնականաբար, դրանք այնքան մեծ ու ակնհայտ են, որ որևիցե կերպ ասել, թե իրականում ինչ է կարծում ու ասում այդ երկրի հասարակությունը, շատ դժվար է:
«Ես այստեղ եմ նաև այն բանի համար, ոպրեսզի հասկանամ, թե ինչ է մտածում հայ հասարակությունը, ինչ վերաբերում է թուրք հասարակությանն, ապա դժվարանում եմ ասել և չեմ ուզում իմ անձնական տեսակետը խառնել մասնագիտական կարծիքի հետ: Գտնում եմ, որ ամեն դեպքում սա այն հարցն է, որը կրում է դիվանագիտական բնույթ: Կրկնում եմ՝ կարծիքները կարող են լինել տարբեր և ես այստեղ եմ, որպեսզի վերցնեմ այն, թե ինչ է իմ շուրջը կատարվում: Ինքներդ եկեք Թուրքիա և հասկացեք, թե ինչ է կատարվում Թուրքիայում, թե ինչ է այս առնչությամբ մտածում յուրաքանչյուր թուրք»,- ասաց նա:
Հայ լրագրողի դիտարկմանը՝ Հռոմի Պապի հայտարարությանն ինչպե՞ս արձագանքեց թուրք հասարակությունը, Սելլահաթ Սեվին շեշտեց, որ դա ևս տարբեր կերպ ընկալվեց:
«Պապի հայտարարությունը նպաստեց նրան, որպեսզի թուրք հասարակությունը մի քիչ ավելի շատ առնչվի այս հարցի հետ և խոսի այդ թեմայով: Կարող եմ ասել նաև, որ հասարակության մեջ այս օրերին ավելի շատ է քննարկվում Հայոց ցեղասպանության խնդիրը: 100-րդ տարելիցն է և մարդիկ, բնականաբար, շատ են խոսում այս ամենի մասին, և որքան այդ միջոցառումները կարևոր են Հայաստանում, նույնքան էլ կարևոր են նաև Թուրքիայում»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Գալիպոլիի ճակատամարտին, ապա լրագրողնը նշեց, որ Գալիպոլիի ճակատամարտին նվիրված միջոցառումները երկու օր են տևելու: «Եւ եթե Հայաստանում կարևոր է Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումներն, ապա թուրք հասարակության համար կարևոր են այդ միջոցառումները: Նկատելով, որ Հայոց ցեղասպանության միջոցառումները համաշխարհային ուշադրության կենտրոնում են, որոշեցին ինչ-որ կերպ բալանսի բերել: Ուշադրություն. ոչ թե շեղել, այլ բալանսի բերել: Անվտանգության նկատառումներից ելնելով ապրիլի 24-ին կլինի նախագահների ընդունելությունը, իսկ 25-ին ամենամյա երթը, որին կմասնակցեն նաև հյուրերը»,- մանրամասնեց լրագրողը՝ հավելելով, որ պետք չէ ամսաթվին այդքան կարևորություն տալ, քանի որ այդ միջոցառումներին այնպիսի մարդիկ են մասնակցելու, ովքեր ճակատագրական նշանակություն չեն ունեցել:
Նրա խոսքով՝ այդպիսի նշանակություն կարող է ունենալ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ով այս օրերին ոչ Հայաստանում է լինելու, ոչ էլ Թուրքիայում:
Լրագրողն ընդգծեց, որ թուրքական իշխանությունների համար միակ անակնկալն այն էր, որ Թուրքիայի հետ շատ լավ հարաբերություններ հաստատած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է այստեղ:
«Թուրքիան Ռուսաստանի հետ տնտեսական շատ լուրջ կապեր է հաստատել: Չեմ կարծում, թե սա բացասաբար կանդրադառնա ռուս-թուրքական հարաբերությունների վրա, սակայն Պուտինի այցը Հայաստան անակնկալ էր բոլորի համար: Կարող եմ, սակայն, ասել, որ որևիցե հատուկ կարևորություն չի տրվում այս ամենին: Կրկանում եմ՝ ապրիլի 24-ին պաշտոնական ընդունելություն է միայն լինելու:
Կարևորը թուրք և ավստրիացի երիտասարդների երթն է, որին մարդիկ մեծ նշանակություն են տալիս: Այդ միջոցառումներին անգամ ՀԿ-ներից որևէ մեկը չի մասնակցելու, իսկ դա նշանակում է, որ ձևական ինչ-որ բնույթ է կրում»,- ասաց նա: