22/04/2015 14:15
Հ. Սահակյան. Եթե մենք էլ երկրների նախագաների համար երկկողմանի տոմս առնեինք, նման մարդիկ Հայաստան էլ կժամանեին
Շատ տարօրինակ կլիներ, եթե Թուրքիայի պահվածքն ու կեցվածքը հասկանալի լիներ հայ հասարակության համար: Այսօր «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» միջազգային համաժողովից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը:
Նրա խոսքով՝ Թուրքիան բոլոր տրամաբանություններից դուրս ուղերձներ է հղում այս օրերին:
«Անտրամաբանական էր նաև այն, որ հատկապես Գալիպոլիի ճակատամարտի օրերին Թուրքիա հրավիրեցին մարդկանց, որպեսզի զարմացնեն միջազգային հանրությանը, բայց ակնհայտ դարձավ մի պարզ ճշմարտություն. Թուրքիան իր այս քայլով բացահայտեց, որ փորձում է միջազգային հանրության ուշադրությունը շեղել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներից»,- ասաց ԱԺ պատգամավորը:
Հովհաննես Սահակյանը չի կարծում նաև, որ Թուրքիան իր այս քայլով ուշադրություն է գրավում, հակառակը՝ նա գտնում է, որ Գալիպոլիի ճակատամարտին նվիրված այդ միջոցառումներն իրականում չհաջողված են:
Ինչ վերաբերում է «Ընդդեմ Ցեղասպանության հանցագործության» միջազգային ֆորումին, ապա պատգամավորի խոսքով՝ այն պետք է դիտարկել ոչ միայն Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառում, այլ համընդհանուր միջոցառումը, որն ուղղված է ցեղասպանությունների կանխարգելմանը:
Անդրադառնալով 24 երկրների ղեկավարների՝ Թուրքիա կատարած այցին՝ պատգամավորը դրանից ոչ զարմացած է, ոչ էլ վրդովված:
«Եթե մենք էլ այդպիսի երկրների նախագաների համար երկկողմանի տոմս տրամադրեինք, նման մարդիկ Հայաստան էլ կժամանեին: Սա իմ սուբյեկտիվ կարծիքն է և վստահ եմ՝ այդ ղեկավարների այդ պարագայում մեզ մոտ էլ կգային: Հուսով եմ, որ նրանք գիտեն, թե ինչի համար են այս օրերին գտնվում Թուրքիայիում: Նրանց ընդամենը հրավիրել են և նրանք էլ մասնակցում են»,- ասաց պատգամավորը՝ շեշտելով, որ Հայաստանն այսօր խնդիր չունի երկրի ղեկավարներ ապահովելու, որպեսզի ինչ-որ մեկին ցույց տա, թե 30 երկրների ղեկավարներ եկել են Հայաստան:
«Մեր խնդիրն է, որպեսզի տվայլ երկրի առաջնորդը կամ քաղաքական էլիտան ինքը գիտակցի, թե ինչ է անում, ինչ քայլեր է ձեռնարկում ցեղասպանությունները կանխելու ուղղությամբ: Այս միջոցառումը պետք է դիտարկել ընդդեմ մարդկության ոճրագործությունների, որին պետք է գնալ ընդառաջ»,- ասաց նա:
Անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե չի բացառվում, որև Թուրքիայի երբեմնի դաշնակից Գերմանիան ապրիլի 24-ին ևս ընդունի ու դատապարտի Հայոց ցեղապսանությունը, ՀՀԿ խմբակցության պատգամավորը դժվարացավ այս առնչությամբ որևէ հստակ բան ասել: Նրա խոսքով՝ այս օրերին տարբեր խոսակցություններ են շրջանառվում և դժվար է հասկանալ, թե Գերմանիան իրականում ինչ է պատրաստվում անել:
«Եթե հարցը դիտարկենք աշխարհաքաղաքական տեսանկյունից, ապա ՌԴ-ն օրինակ ամենաբարձր մակարդակով այսօր Հայաստանում է, ԵՄ-ն՝ իր տարբեր բանաձևերով իր տեսակետը հայտնեց, ԵԽԽՎ-ում ևս բանաձև ընդունվեց, իսկ շատ տարբեր երկրներ ընդունեցին Ցեղասպանությունը դատապատող բանաձևեր: Մնացին ԱՄՆ-ը և մյուս գերտերությունները: Շատ լավ կլինի, որ 100-րդ տարելիցը ճիշտ օգտագործենք, և ճիշտ գնահատական տանք, որպեսզի նման ոճրագործությունները չկրկնվեն: Տեսնում ենք, որ ամբողջ աշխարհը այլևս խավարում չէ և տեսնում է, որ Իսլամական պետություն կոչվածն ինչպես է օրը ցերեկով նույն ցեղասպանությունն իրականացնում: Դրա համար պետք է հստակ դատապարտենք, որպեսզի հետագայում ևս ցեղասպանություններ չլինեն: Այս ամենը նրանց խղճի վրա է, այդ թվում՝ Գերմանիայի: Նրանք պետք է որոշեն՝ ինչ գնահատական տալ Հայոց ցեղասպանությանը»,- ասաց Հ. Սահակյանը:
Անդրադառնալով Հայաստանի հետագա քայլերին՝ պատգամավորը նշեց, որ ապրիլի 25-ից հետո սկսվելու է պայքարի նոր փուլը: «Որ նշում ենք 100-րդ տարելիցը, դա չի նշանակում, թե Հայաստանն այլևս անելիք չունի: Մենք պետք է բոլորս կարողանանք, որպեսզի այդ գործընթացը պատվով հաղթահարենք և կկարողանանք: Այս ամենին մենք հասել ենք մեր ժողովրդի և մեր միասնության ջանքերով, իսկ 100-րդ տարելիցն այդ ամենի համար կլինի նոր մեկնարկ: Փոխվել է ինչպես ժամանակը, այնպես էլ միջոցները և մենք պետք է կարողանան այդ ամենը օգտագործել և ինչ-որ հաջողությունների հասնել»,-ասաց պատգամավորը: