23/04/2015 14:21
Պատրիկ Դևեջյան. Այն սոսկալի վերքը, որ արյունահոսում է, մեզ վրա պարտականություններ է դնում
Ժխտողականությունը դյուրացնում է կրկնությունը: Այս խոսքերով սկսեց իր ելույթը «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումին ֆրանսիացի քաղաքական գործիչ, աջակողմյան կուսակցության անդամ Պատրիկ Դևեջյանը:
Նրա խոսքով՝ ինչպես Հռոմի պապն էր ասում, այն սոսկալի վերքը, որ արյունահոսում է, մեզ վրա պարտականություններ է դնում, առաջին հերթին այն է, որ չպետք է նման բան կրկնվի, բայց այնուամենայնիվ, կրկնվում է:
Պ. Դևեջյանը ասաց, որ ֆորումի նպատակն է գտնել ճանապարհներ, որոնք թույլ կտան արդյունավետ պայքարելու նման ողբերգությունների կրկնության դեմ, իսկ ֆորումի ավարտին ընդունվելու է նախագիծ, որում ներառված են լինելու ֆորումում արծարծված բոլոր խնդիրները:
Նշենք, որ այսօրվա լիագումար նիստի թեման է «Խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանության»: Այն անցկացվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում: