23/04/2015 15:08
Քերոլայն Քոքս. Եվս մեկ ցեղասպանության փորձ է այն, որ Ադրբեջանը փորձում է վերացնել հայերին իրենց պատմական հողից՝ Արցախից
Ծափահարում եմ Հայոց ցեղասպանությունը ճանաչած կառավարություններին, խոնարհվում եմ Հռոմի պապի առջև իր հզոր հայտարարության համար, որն ուղղված է մեզ բոլորիս: Այս մասին այսօր «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումում ասաց Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամ, իրավապաշտպան կազմակերպությունների անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսը:
Նրա խոսքով՝ այս օրերին միակ տեղը, որտեղ ուզում է լինել, Երևանն է, և պետք է պայքարել նրանց դեմ, ովքեր ժխտում են Հայոց ցեղասպանությունը, իսկ Հայոց ցեղասպանության ճանաչումը բխում է հենց թուրք ժողովրդի շահերից:
«Աշխարհահռչակ գիտականներն ընդգծում էին Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորությունը: Շատ ցավում եմ, ներկայացնելով Միացյալ Թագավորությունը, որի կառավարությունն այսօր հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Համոզված եմ, որ սա ամոթ է»,- ասաց նա՝ նշելով, որ Մեծ Բրիտանիայի կազմում գտնվող Ուելսն ու Շոտլանդիան ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:
Ք. Քոքսը ասաց, որ Ադրբեջանը այսօր, ցավոք, շարունակում է սպառնալ:
«Եվս մեկ ցեղասպանության փորձ է այն, որ Ադրբեջանը փորձում է վերացնել հայերին իրենց պատմական հողից՝ Արցախից: Կարևոր է Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել նախկինում իրականացրած ջարդերի և էթնիկական զտումների համար: Համոզված եմ, որ Արցախը, ինչպես և Կոսովոն, ունեն հիմնավոր պահանջ` ապրել անկախ: Իմ զորակցությունն եմ հայտնում արցախցիներին»,- ասաց Ք. Քոքսը:
Իր խոսքի վերջում նա ասաց. «Աստված օրհնի այս սքանչելի ժողովրդին»: