23/04/2015 14:15
ԵԽԽՎ-ում ընդունվեց Հայոց ցեղասպանության դատապարտման հայտարարություն
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում այսօր ընդունվեց «Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հիշատակման» հայտարարությունը, որը հեղինակել է ԵԽԽՎ-ում Ֆրանսիայի պատգամավոր, ԵԽԽՎ փոխնախագահ Ռենե Ռուքեն։
Հայտարարությանը միացել է 171 պատգամավոր՝ մոտ 40 երկրից։
Հայտարարության մեջ ասվում է.
«Ցեղասպանությունն աներևակայելի հանցագործություն է հասարակության համար, որը ստեղծված է հանդուրժողականության և մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանության վրա։ Այսպիսի հանցագործությունների վաղ կանխարգելումը կարող են վստահաբար կանգնեցնել հակամարտությունների, ողբերգությունների և մարդասիրական աղետների թեժացումը։ Հայոց ցեղասպանության հստակ և ժամանակին դատապարտման բացակայությունը մեծապես նպաստեց մարդկության դեմ հետագա հանցագործությունների՝ ինչպիսիք են Հոլոքոստի և այլ ցեղասպանոությունների կանխման ձախողմանը։ 2015թ-ի ապրիլի 24-ին լրանում է Հայոց ցեղասպանության 100-ամյակը։ 1,5մլն հայեր զոհվեցին Օսմանյան կայսրության այս սարսափելի ոճրագործության հետևանքով։ Ներքոստորագրյալ խորհրդարանականները հարգանքի տուրք են մատուցում անմեղ զոհերի հիշատակին և դատապարտում են մարդկության դեմ բոլոր տեսակի հանցագործությունները և ցեղասպանությունները և խորապես ցավում են դրանց ժխտման փորձերի համար։
Ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելումը պետք է լինի մեր առաջնահերթություններից։ Միջազգային կարողությունների հետագա զարգացումն այս առումով օժանդակող է։ Եվրոպայի խորհուրդը կարևոր դեր ունի կատարելու՝ նպաստելով մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման միջազգային ջանքերին։ Այն պետք է խրախուսի իր անդամ երկրներին՝ հաշտվել իրենց սեփական անցյալի հետ և հող նախապատրաստի ժողովուրդների միջև հետագա հաշտեցման համար»։