23/04/2015 11:34
Նախագահ. Իրավիճակը շփման գծում լարված է, քանի որ ադրբեջանական իշխանությունները սպառել են բանակցությունները ձգձգելու իրենց բոլոր հնարքները
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 22-ին, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրի տարածքում պատասխանել է մի շարք առաջատար միջազգային Al Jazeera, Reuters, CNN Turk, BBC և Russia Today լրատվամիջոցների թղթակիցների հարցերին:
Russia Today. –Պարո՛ն Նախագահ, տարածված է կարծիք, որ բռնությունը Արևելյան Ուկրաինայում ազդեցություն է ունենում ԽՍՀՄ տարածքում տեղի ունեցող հակամարտությունների վրա, ինչպիսի՞ն է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և ինչպիսի՞ հույսեր կան հակամարտություն կարգավորելու ուղղությամբ:
-Իրավիճակը շփման գծում բավականաչափ լարված է, և այդ լարվածությունը սկսվել է անցյալ տարվա ամռանը: Մեզ համար պատճառները հայտնի են, բայց այդ պատճառների մեջ ես չեմ կարող նշել Ուկրաինայի ազդեցությունը: Ուկրաինական ճգնաժամի ազդեցությունը կարելի է դիտարկել մեկ այլ համատեքստում, որի մասին, եթե անհրաժեշտություն լինի, ես կխոսեմ: Լարվածության պատճառը շատ պարզ է. ադրբեջանական իշխանությունները սպառել են բանակցությունները ձգձգելու իրենց բոլոր հնարքները, և դա ակնհայտորեն երևաց. անցյալ տարի երեք հանդիպում ունեցանք Ադրբեջանի նախագահի հետ Ռուսաստանի նախագահի, Ֆրանսիայի նախագայի և Միացյալ Նահանգների Պետքարտուղարի միջնորդությամբ, որտեղ Ադրբեջանի նախագահը գրեթե բացահայտ հայտարարեց, որ ինքը չի ընդունում այն սկզբունքները, որոնք մեզ առաջարկում են Մինսկի խմբի համանախագահները խնդիրը կարգավորելու համար: Այն սկզբունքները և էլեմենտները, որոնք ամփոփված են համանախագահ երկրների նախագահների հինգ հայտարարություններում, և որոնք կազմում եմ Մադրիդյան սկզբունքներ կոչվող փաստաթղթի առանցքը, հետևյալն են. խնդիրը պետք է կարգավորվի առանց ուժի գործադրման, խնդիրը պետք է կարգավորվի տարածքային ամբողջականության և խնդիրը պետք է կարգավորվի ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքների հիման վրա:
Մենք գտնում ենք, որ դրանք այն սկզբունքներ են, որոնց հիման վրա, իհարկե, կարելի է խնդրին լուծում տալ: Եվ շատ կարևոր մի հանգամանք՝ և՛ նախագահները, և՛ համանախագահները հայտարարում են, որ այս սկզբունքները և էլեմենտները կազմում են մի ամբողջականություն, և այս սկզբունքներից ու էլեմենտներից որևէ մեկը չի կարող ունենալ գերակայություն: Ինչպես հայտնի է, Ադրբեջանը նախ՝ առաջին կետը չի ընդունում՝ խնդրի խաղաղ կարգավորման հետ կապված, որովհետև միշտ «եթե»-ներով է խոսում: Եվ երկրորդ՝ ինքնորոշման իրավունքի սկզբունքը չի ընդունում կամ եթե ընդունում է, ապա մեկնաբանում է յուրովի: Եվ հիմա նրանք փորձում են բանակցությունների ձևաչափը փոխել կամ բանակցությունները տեղափոխել այլ հարթակներ, և հենց այդ պատճառով էլ լարվածություն է ստեղծվում: Բայց մի բան կարելի է դրական գնահատել, որ բանակցությունների ողջ ժամանակաշրջանում առաջին անգամ այս տարվա հունվարի վերջին համանախագահները հասցեական հայտարարություն արեցին և ասացին՝ ով է խախտում հրադադարի պայմանները և կոչ արեցին Ադրբեջանին զերծ մնալ այդ սադրանքներից: Իհարկե, այլ պատճառներ էլ կան, բայց կարծում եմ՝ այսքանը բավարար է հասկանալու, թե ինչու է իրավիճակը լարվում: Իսկ ուկրաինական ճգնաժամը մեզ վրա ազդում է տնտեսապես՝ առավել ևս, թեև ակնհայտ է, որ մեր մեծ տարածաշրջանում ցանկացած կոնֆլիկտ իր բացասական ազդեցությունն է թողնում այլ խնդիրների վրա: