24/04/2015 17:29
Ռումինիայի նախագահ. Հայերի վերապրած ողբերգության հիշատակումը պարտադիր քայլ է աշխարհի համար
Ապրիլի 24-ին, «Հայերի պատմական ողբերգության 100-ամյակի հիշատակման կապակացությամբ» Ռումինիայի նախագահն առաջին անգամ ուղերձ է հղել հայերին:
«Հայ ժողովրդի ողբերգության ճանաչումը կարևոր և անհրաժեշտ ազդակ է ատելությունը, անհանդուրժողականությունը, ռասիզմը և այլատյացությունը արմատախիլ անելու համար»- ասում է նախագահ Կլաուս Յոհաննիսը:
«1915թ. ողբերգական իրադարձություներից մեկ դար անց իմ խոնարհ հարգանքն եմ բերում հայ ժողովրդի զոհերին, ովքեր անցյալ դարի սկզբից տասնամյակներով դիմադրել են պատմական աղետներին և դժվար փորձություններին: Հարյուր հազարավոր անմեղ հոգիներ զոհվեցին այդ սարսափելի հանցագործության ժամանակ, որը ստվերում է մարդկությունը և որը մեզ ստիպում է այսօր ճանաչման և հաշտեցման», - ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ Նախագահի, հայ ժողովրդի վերապրած ողբերգության հիշատակումը և իրազեկումը պարտադիր քայլ է աշխարհի համար, որպեսզի դասեր քաղվի անցյալից:
«100 տարի առաջ տեղի ունեցած ողբերգության պատմական ծավալի ճանաչումը կարևոր և անհրաժեշտ ազդակ է՝ ատելությունը, անհանդուրժողականությունը, ռասիզմը և այլատյացությունը արմատախիլ անելու համար: Զոհերի հանդեպ հարգանքը ստիպում է մեզ մեր մտքերն ուղղել բոլոր անհետացածներին և լուռ աղոթել նրանց համար: Թող որ զոհերի հիշատակը հավերժ մնա մեր սրտերում»,-նշում է նախագահ Յոհաննիսն իր ուղերձում:
Նույն օրը, Ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ հայտարարություն է տարածել նաև Ռումինիայի պատգամավորների պալատի մարդու իրավունքների հանձնաժողովը:
«Ապրիլի 24-ին լրանում է 1915թ. Թուրքիայի արևելքում հայերի դեմ կոտորածի 100-ամյակը, որը պատճառեց 1 մլն 200 հազար մարդկային զոհեր: Մարդկության դեմ այդ հանցագործությունը չպիտի մոռացվի, ինպես ասում է Ֆրանցիսկոս պապը, որովհետև այն «20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է, և նախորդել է նացիստների և Ստալինի կողմից իրագործված այլ ցեղասպանություններին» ասվում է հայտարարության մեջ:
«Պատճառը, որ ամեն տարի պետք է ոգեկոչենք այս արգահատելի արարքը, հենց այն է, որ «Չարի թաքցնումը կամ ժխտումը վերք է, որ շարունակում է արնահոսել, եթե չես վիրակապում», ինչպես հայտարարում է Հռոմի պապը ապրիլի 12-ին:
Թեև Թուրքիան մինչև այժմ չի ճանաչել ցեղասպանությունը, թուրքական կառավարության անդամները Թալեաթ փաշայի գլխավորությամբ այդ ժամանակ գաղտնիորեն գործի են գցել հայերի ոչնչացման ծրագիրը:
Ապրիլի 15-ին Եվրոպական Խորհրդարանը եվրոպական բոլոր մեծ կուսակցությունների աջակցությամբ ընդունեց ոգեկոչման վերաբերյալ որոշում, որը կոչ է անում Թուրքիային հայոց ցեղասպանությունը ճանաչելու միջոցով Հայաստանի հետ հաշտության ուղի բացել: Առաջին անգամ Եվրոպական Խորհրդարանի որոշման միջոցով 1915-1917 թթ. Օսմանյան կայսրության հայերի դեմ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները բնորոշվում են որպես ցեղասպանություն, ասվում է հայտարարության մեջ:
Գտնում ենք, որ ինչպես որ Ռումինիայում հիշատակվում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում հրեաների և գնչուների հոլոքոստը, եկել է ժամանակը Ռումինիայում նշելու նաև հայերի դեմ ցեղասպանությունը, ներառյալ օրենսդրական նախաձեռնության ձևով Ապրիլի 24-ը Մարդկության դեմ ցեղասպանության հիշողության օր հայտարարելու միջոցով»,- առաջարկում է Ռումինիայի պատգամավորների պալատի մարդու իրավունքների հանձնաժողովը: