24/04/2015 12:31
Կիպրոսի Նախագահ. Հայաստանն ու Կիպրոսը անպատժելիության զոհեր են
«Կիպրոսը եվրոպական առաջին երկրներից էր, որ ճանաչեց Ցեղասպանությունը։ Յուրաքանչյուրիս ներկայությունն այստեղ նպատակ է հետապնդում՝ վառ պահելու հիշատակը և հարգանքի տուրք մատուցելու միլիոնավոր նահատակներին, ովքեր կյանքից զրկվեցին հարյուր տարի առաջ»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հանդիսավոր նիստի իր ելույթում հայտարարեց Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսը:
«Մենք խմբովի պարտավոր ենք հայտարարել, որ սա չի կարող անպատժելի մնալ։ Հայաստանն ու Կիպրոսը անպատժելիության զոհեր են։ Մենք երկուսս էլ մեր հույսը կապում ենք միջազգային իրավունքի հետ, մեր պատմությունները շաղկապված են, մեր ժողովուրդները պայքարել են ու մնացել ողջ»,- ասաց նա։
Նա ընդգծեց, որ բնական է, որ Կիպրոսն ու Հայաստանը միասնաբար են դատապարտում ցեղասպանության ոճրագործներին։
Կիպրոսի նախագահը նկատեց, որ կիպրոսցիները հպարտ են, որ հայ փախստականների երեխաներն այսօր Կիպրոսի հասարակության կարևոր ու աշխույժ անդամներ են։
«Մեր միասնականությունը նաև խղճի դրսևորումն է, մենք պարտավոր ենք անուշադրության չմատնել պատմական փաստի ողբերգականությունը։ Այս իրադարձությունների ճանաչումը որևէ հանգամանքներում չի սահմանափակում ազգերի դերակատարությունը միջազգային հարաբերություններում»,- ասաց Կիպրոսի Նախագահը՝ ողջունելով ՀՀ Նախագահի վճռական դիրքորոշումը՝ պատշաճ ժամանակն է, որ ճանաչվի կատարվածը։
«Դա ուղի կհարթի հարևան երկրի հետ հարաբերությունների նորմալացմանը և տարածաշրջանի խաղաղությանը։ Այստեղ ենք հարգանքի տուրք մատուցելու հայ ժողովրդին, որ կարողացավ կենդանի մնալ միլիոնավոր նախնիների արյան գնով»,- ասաց Նիկոս Անաստասիադիսը:
«Մենք հիշում ենք ու պահանջում»,- եզրափակեց խոսքը նա: