24/04/2015 09:40
Օբաման կրկին չասաց Ցեղասպանություն (Տեսանյութ)
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեկ երեկոյան ելույթ ունենալով՝ կրկին խուսափեց Ցեղասպանություն բառը գործածելուց: Օբաման 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը անվանել է «զանգվածային սպանություններ» և նշել, որ իր դիրքորոշումը հարցի վերաբերյալ չի փոխվել:
«Այս տարի մենք հիշատակում ենք Մեծ եղեռնի` 20-րդ դարի առաջին զանգվածային վայրագությունների հարյուրամյակը: 1915 թվականից սկսած Օսմանյան կայսրությունում ապրող հայերը տեղահանվեցին, կոտորվեցին և իրենց մահը գտան գաղթի ճանապարհին: Ոչնչացվեց նրանց մշակույթը և ժառանգությունը իրենց հինավուրց հայրենիքում: Սարսափելի բռնությունների հետևանքով, որոնք տառապանք բերեցին բոլոր կողմերին, մեկևկես միլիոն հայեր կործանվեցին:
Երբ 1915-ի սոսկալի իրադարձությունները բացահայտվեցին, ԱՄՆ դեսպան սըր Հենրի Մորգենթաուն տագնապի ազդանշան հղեց ԱՄՆ իշխանություններին և հակամարտության մեջ մտավ օսմանյան ղեկավարության հետ: Նրա և այսօրինակ այլ ջանքերի շնորհիվ երևան եկավ ճշմարտությունը Մեծ եղեռնի մասին և ավելի ուշ իր ազդեցությունը թողեց այնպիսի իրավապաշտպանների աշխատանքի վրա, ինչպիսին էր Ռաֆայել Լեմկինը, ով իր ներդրումն ունեցավ Միացյալ ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների հռչակագրի ընդունման գործում:
Այս դաժան կոտորածների ֆոնին ամերիկացի և հայ ժողովուրդը կապվեցին համայն մարդկության կապերով: Հասարակ ամերիկացիները միլիոնավոր դոլարներ հանգանակեցին` տուժած հայ երեխաներին օժանդակություն ցուցաբերելու համար: ԱՄՆ կոնգրեսը հիմնեց Մերձավոր Արևելքի Օգնություն կազմակերպությունը, որը միջազգային մարդասիրական օգնության ոլորտում առաջամարտիկ կազմակերպությունէ: Հազարավոր հայ փասխստականեր նոր կյանք սկսեցին ԱՄՆ-ում, որտեղ նրանք ուժեղ և ակտիվ համայնք ձևավորեցին` դառնալով ամերիկյան հասարակության հիմնասյուններից մեկը: Հասնելով հասարակության մեջ բարձր դիրքի` գործարարներ, բժիշկներ, դերասաններ և մարմնամարզիկներ` նրանք իրենց անգնահատելի ներդրումն ունեցան իրեն նոր օջախում:
Այս հարյուրամյակը հանդիսավոր պահ է: Այն մեզ կոչ է անում անդրադառնալ պատմական հիշողության կարևորությանը, ինչպես նաև պատմության հետ հաշվի նստելու դժվարին գործին: Ես հետևողականորեն հայտարարել եմ 1915-ին կատարվածի վերաբերյալ իմ սեփական տեսակետը, և իմ տեսակետը չի փոխվել: Փաստերի լիակատար, շիտակ և արդարացի ճանաչումը մեր շահերից է բխում: Ազգերն ավելի հզոր են, երբ զարգանում են՝ ճանաչելով սեփական անցյալի վտանգավոր դրվագները, և հենց դրա ճանաչման մեջ է նոր, ավելի հանդուրժող ապագա կառուցելու ճանապարհը:
Մենք ողջունում ենք Ֆրանցիսկոս պապի, թուրք և հայ պատմաբանների տեսակետները, ինչպես նաև բոլոր նրանց կարծիքները, ովքեր ջանքեր են գործադրել պատմության այս մութ էջերին լույս սփռելու ուղղությամբ: Այս հանդիսավոր պահին մենք կանգնում ենք հայ ժողովրդի կողքին` հիշելու այն, ինչն արդեն կորսված է: Խոստանում ենք` ով տառապել է, չի մոռացվելու: Եվ մենք պարտավորեցնում ենք ինքներս մեզ դասեր քաղել այդ ցավալի ժառանգությունից, որպեսզի ապագա սերունդները չկրկնեն այն»,- ասել է Օբաման:
Օբամայի ելույթից հետո լրագրողների համար պարզաբանումներ է ներկայացրել ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի պաշտոնակատար Մարի Հարֆը, որ ասել է, որ նախագահն իրենց դիրքորոշումը ճիշտ են համարում, անկախ այն բանից, որ շատերը հույս ունեին այլ բան լսել.
«Մենք վստահ ենք, որ նախորդ տարիների ու այս տարվա մեր դիրքորոշումը ճիշտ է, քանի որ այն ճանաչում է անցյալն ու թույլ տալիս համագործակցել տարածաշրջանային գործընկերների հետ` ապագայում մարդկանց ոչնչացումից խուսափելու համար: Մեր կարծիքով՝ սա անչափ կարևոր է: Նախագահը պարբերաբար հայտնել է իր տեսակետը 1915թ. դեպքերի վերաբերյալ: Մենք գիտենք, որ կան մարդիկ, ովքեր այս տարի այլ բան են ցանկանում լսել»,- հայտարարել էր ԱՄՆ-ի պետդեպարտամենի խոսնակի պաշտոնակատար Մարի Հարֆը:
Հիշեցնենք սակայն, որ իր նախընտրական պայքարի ընթացքում Բարաք Օբաման բազմիցս հայտարարում էր, որ Օսմանյան Թուրքիայի կողմից 1915-1923թթ. հայերի նկատմամբ իրականացված եղեռնագործությունը «ցեղասպանություն» է եղել, և հայտարարում, որ ԱՄՆ ժողովուրդը արժանի է ունենալ այնպիսի նախագահ, որ իր մեջ քաջություն կգտնի ընդունել պատմական իրադարձություններն ու իրերը կոչել իրենց անուններով: Իր նախագահության ընթացքում, սակայն, Օբաման այդպես էլ չդարձավ «ԱՄՆ ժողովրդի արժանի նախագահը»: