24/04/2015 12:37
Վլադիմիր Պուտին. Հայոց ցեղասպանությունը մենք ընկալեցինք որպես սեփական ցավ
1915 թ.-ի իրադարձությունները ցնցեցին ամբողջ աշխարհն, իսկ Ռուսաստանում ընկալվեցին որպես սեփական ցավ: Այս մասին այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ անցկացվող հանդիսավոր նիստի ժամանակ իր ելույթում ասաց Ռուսաստանի Դաշնորթւայն նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Ես ապրումակցում եմ հայ ժողովրդին: Այդ տարիներից միլիոնավոր մարդիկ ապաստան գտան ՌԴ տարածքում ու փրկվեցին, և այսօր մենք սգում ենք հայ ժողովրդի հետ միասին»,- Ծիծեռնակաբերդում ասաց Վլադիմիր Պուտինը:
Նա նշեց, որ Ռուսաստանի հարյուրավոր քաղաքներում այսօր կանցկացվեն հիշատակի ավելի քան 2000 միջոցառումներ ու դրանց կմասնակցեն ոչ միայն հայ համայնքի ներկաացուցիչներ, այլև՝ բազմաթիվ այլազգիներ:
«Մենք միշտ համարել ենք՝ մարդկանց զանգվածային սպանությունը չի կարող որևէ կերպ արդարացված լինել: Միջազգային հանրությունը պարտավոր է ամեն ինչ անել, որպեսզի անցյալի իրադարձությունները երբևէ չկրկնվեն: Այսօր էլ աշխարհի մի շարք երկրներում կրկին գլուխ է բարձրացնում նեոֆաշիզմը, իշխանության են գալիս ազգայնականները և մենք մեզ հարց պիտի տանք՝ ինչու՞ է դա տեղի ունենում»,- ասաց Վլադիմիր Պուտինն՝ ընդգծելով՝ տեսնելով անցյալի իրադարձությունները մենք պետք է լավատեսությամբ նայենք դեպի ապագան.
«Պետք է հարգենք միմյանց: Մենք ձեզ հետ ենք, հարգելի′ բարեկամներ»,- ասաց Վլադիմիր Պուտինը: