24/04/2015 18:31
Թուրքիայի նախագահ. Անկեղծորեն կիսում եմ հայ համայնքի ցավը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 1915 թ. դեպքերի վերաբերյալ Պոլսո հայոց պատրիարքարան հաղորդագրություն է ուղարկել: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Posta» կայքը: Այնտեղ այսօր «Առաջին աշխարհամարտի զոհերի հիշատակին» նվիրված արարողություն է եղել:
Հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է.
«Պոլսո պատրիարքի փոխանորդ պարոն Արամ Աթեշյան, մեր հայ քաղաքացիների համար կարևոր նշանակություն ունեցող այս օրը ևս մեկ անգամ հարգանքով հիշում եմ Առաջին համաշխարհային պատերազմի պայմաններում զոհված բոլոր օսմանցի հայերին և ցավակցություններս հայտնում նրանց երեխաներին ու թոռներին»:
Էրդողանն իր հաղորդագրությունում հիշատակել է նաև Օսմանյան Թուրքիայի, ինչպես նաև Թուրքիայի Հանրապետության տարիներին տնտեսական, սոցիալական, մշակութային և քաղաքական կյանքում հայերի ակտիվությունը, ինչպես նաև ընդգծել է խաղաղ պայմաններում ապրելու անհրաժեշտության մասին, որ իրենք պայքարում են դրա համար:
«Եվս մեկ անգամ ընդգծում եմ, որ անկեղծորեն կիսում եմ հայ համայնքի ցավը և նշում, որ գիտենք նախկինում տեղի ունեցած տխուր դեպքերի մասին»,-ասված է Էրդողանի ուղերձում: