24/04/2015 08:42
Պուտինը Հայաստանում է. Նրան դիմավորել է Նախագահ Սարգսյանը (Լուսանկարներ)
Երեկ ուշ երեկոյան Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին: Օդանավակայանում Պուտինին դիմավորել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
Նշենք, որ նախօրեին Պուտինը ուղերձ էր հղել «Աշխարհն առանց ցեղասպանության» հուշ-երեկոյի մասնակիցներին, որում մասնավորապես ասված էր. «Ապրիլի 24, 1915 թվական: Տխուր ամսաթիվ, որը կապված է մարդկության պատմության ամենասարսափելի ու ողբերգական իրադարձություններից մեկի՝ հայ ժողովրդի Ցեղասպանության հետ: Հարյուր տարի անց մենք գլուխ ենք խոնարհում այդ ողբերգության զոհերի հիշատակի առաջ, որը մեր երկրում մշտապես ընդունել են որպես սեփական ցավ ու դժբախտություն: Ազգային պատկանելության հողի վրա մասայական ոչնչացումները չեն կարող արդարացում ունենալ:
Միջազգային հանրությունը պետք է անի ամեն բան, որպեսզի նման դաժանությունները երբեք և ոչ մի տեղ չկրկնվեն: Հայերի ու տարածաշրջանի այլ ազգերի նոր սերունդները պետք է ապրեն հաշտ ու խաղաղ՝ անտեղյակ լինելով սարսափների մասին, որոնք հրահրվում են կրոնական ատելության, ագրեսիվ ազգայնականության ու այլատյացության միջոցով:
Եղբայրական Հայաստանին, Ռուսաստանում ապրող բոլոր հայերին մաղթում եմ բարություն, խաղաղություն ու բարգավաճում: Հավերժ հիշատակ զոհվածներին»: