25/04/2015 11:00
Արսեն Ջուլֆալակյանը պարգևատրությանը մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մարզաշապիկով
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ է նվաճել Սոֆիայում ապրիլի 24-26-ը անցկացվող «Դան Կոլով և Նիկոլա Պետրով» ամենամյա միջազգային մրցաշարի 75 կգ քաշային կարգում, որում հանդես են եկել Հայաստանի 3 ներկայացուցիչներ:
Աշխարհի 2014թ. չեմպիոն Ջուլֆալակյանը եզրափակիչում 2:0 հաշվով հաղթել է բուլղարացի Իվան Գեորգիևին: Նույն քաշային կարգի քառորդ եզրափակիչում հանդիպել են նաև Կարապետ Չալյանը և Վարշամ Բորանյանը: Չալյանը հաղթել է իր թիմակցին, սակայն կիսաեզրափակիչում պարտվել է հենց Իլիան Գեորգիևին: Կարապետը հնարավորություն է ստացել մասնակցել սփոփիչ գոտեմարտերի և նվաճել է բրոնզե մեդալ:
Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան էջում տեղադրել է լուսանկարներ՝ հաղթանակը նվիրելով Հայոց ցեղասպանության 1.5 զոհերի հիշատակին: Ընդ որում՝ Օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանի որդին պարգևատրության արարողությանը մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մարզաշապիկով:
Ապրիլի 24-ին պայքարի մեջ է մտել նաև 59 քաշային Նարեկ Խաչատրյանը, ով պարտվել է մեկնարկային գոտեմարտում:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կազմում Բուլղարիայի մայրաքաղաք են մեկնել նաև՝ Ռաֆայել Ալեքսանյանը (71 կգ), Հրաչ Հովհաննիսյանը (80 կգ), Արթուր Շահինյանը, Մաքսիմ Մանուկյանը (երկուսն էլ՝ 85 կգ) եւ աշխարհի 2014թ. չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (98 կգ):