25/04/2015 10:47
Աշխարհահռչակ երաժիշտները կբարձրաձայնեն Հայոց ցեղասպանության մասին
Արդեն 16-րդ անգամ անցկացվող «Երևանյան հեռանկարներ» փառատոնն այս տարի մեկնարկեց ապրիլի 2-ին փառատոնի բարեկամ, աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինի մենահամերգով:
«Երևանյան հեռանկարներ» միջազգային փառատոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանի հավաստմամբ, ապրիլ ամիսը շատ խիտ և հագեցած է մեծանուն երաժիշտների այցերով: Հատկանշական է, որ կատարողները հենց ապրիլ ամսին են գալիս իրենց խոնարհումն ու հարգանքը մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Ապրիլի 27-ին՝ ժամը 19:30-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդես կգա հայկական արմատներով օպերային հանրահայտ, աշխարհահռչակ սոպրանո ՝ Մարիա Գուլեգինան Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի մասնակցությամբ, դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան:
Ծրագրում՝ Ջուզեպպե Վերդի, Ջակոմո Պուչինի և Ումբերտո Ջիորդանո:
Ապրիլի 29-ը բացառիկ օր է՝ լեգենդար «Քրոնոս» քառյակն է ժամանելու Երևան: Մասնագետների գնահատմամբ, այն իրենից ներկայացնում է այլ ուղղություն և որակ՝ լարային քառյակների համաշխարհային պատմության մեջ: «Քրոնոսը» ցանկալի հյուր է աշխարհի ցանկացած փառատոնի համար, և հատկանշական է, որ այն իր վերաբերմունքն է արտահայտելու Ցեղասպանության առիթով՝ «Քրոնոսը» նոր գործ է պատվիրել հայկական ծագմամբ ամերիկացի կոմպոզիտոր Մարի Կույոմջյանին: Այդ ստեղծագործության համաշխարհային պրեմիերան տեղի կունենա «Երևանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակներում: «Հուզիչ է, որ մեծանուն երաժիշտներն ապրիլին կլինեն մեր երկրում և իրենց խոնարհումը կբերեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին»,- փաստում է «Երևանյան հեռանկարների» տնօրենը ու հավելում, որ տարվա ընթացքում այլ մեծանուն երաժիշտների համերգներ էլ կլինեն:
«Քեզ հետ Հայաստան» ծրագրի համերգային շարք
Սա մի առանձին ծրագիր է, որտեղ գործի են դրվել փառատոնի 15 տարվա կապերն ու ողջ հեղինակությունը, որպեսզի արտասահմանցի հեղինակավոր երաժիշտները խոսեն ցեղասպանության մասին: «Դա շատ ազդեցիկ է լինելու, քանի որ այդ երաժիշտներից յուրաքանչյուրի խոսքին միլիոնավոր մարդիկ են հետևելու: Մի բան է, որ հայ կատարողները խոսեն ցեղասպանության մասին, լրիվ այլ բան է, որ դրա մասին բարձրաձայնեն Կիսինը, Վենգերովը ,Պենդերեցկին և մյուսները…
Այս շարքի առաջին համերգը տեղի է ունեցել Երուսաղեմում՝ ակնկալածից ավելի մեծ արձագանքով: Այն երկրները, որտեղ անցկացվում են համերգները քաղաքական իմաստով բարդ երկրներ են՝ ոչ ԱՄՆ-ում, ոչ Բրիտանիայում, ոչ Իսրայելում դեռևս պաշտոնապես ընդունված չէ Հայոց ցեղասպանությունը: Այդ երկրների ԶԼՄ-ների՝ ցեղասպանության թեմայի մասին խոսելը բարդ խնդիր է, բայց մեծանուն երաժիշտների միջոցով այդ հարցն առավել քան հնչեղ եղավ, օրինակ, Իսրայելում: Տեղի ԶԼՄ-ները ողողված էին հայտարարություններով, առաջին անգամ Հոլոքոստ բառը հայերի մասին ու Հայոց ցեղասպանության համատեքստում էլ օգտագործվեց: Երուսաղեմում հանդես եկան Երուսաղեմի սիմֆոնիկ նվագախումբը, Տալլինում ելույթ ունեցան տղամարդկանց պետական երգչախումբը՝ «Հորտուս Մուզիկուս»- ի հետ,Լոնդոնում՝ հանդես կգա Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախումբը, ամերիկյան Քարնեգի հեղինակավոր համերգասրահում, որտեղ համերգ ունենալն արդեն մեծ պատիվ է, նվագելու է Եվգենի Կիսինը, Քշիշտոֆ Պենդերեցկու նոր ստեղծագործության պրեմիերան կլինի, որը գրելիս կոմպոզիտորը մեր «Հովեր» երգչախմբին է պատկերացրել:
Ապրիլի 26-ին մեծ համերգ կլինի Բրյուսելում՝ Մաքսիմ Վենգերովի, Միշա Մայսկու և Սերգեյ Նակարյակովի մասնակցությամբ, Բելգիայի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կղեկավարի հայազգի անվանի դիրիժոր՝ Ջորջ Փեհլիվանյանը: Հռոմում համերգ կլինի Միլանի Լա Սկալա նվագախմբի մասնակցությամբ, ընդ որում՝ նվագախումբը կղեկավարի Դանիել Հարդինգը: Համերգների շարքը կեզրափակվի Վիեննայում՝ ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգով»: