25/04/2015 16:43
Թումանյանի թանգարանում՝ բացօթյա տարածական ցուցադրություն` նվիրված Ցեղասպանության 100-րդ տարելիցին
Թումանյանի թանգարանում կազմակերպվում է բացօթյա տարածական ցուցադրություն` նվիրված Ցեղասպանության 100-րդ տարելիցինՑուցադրության առանցքում Հովհ. Թումանյանն է` Ամենայն Հայոց Որբերի Հայրիկը, թեպետ խորհրդանշական լուծումներով ավելի շատ ներկայացված են Ցեղասպանությունից մազապուրծ այն երեխաները, որոնց տանջված, վիրավոր փոքրիկ ոտքերը չդիմացան գաղթի սոսկալի ճամփաներին: Նրանք անշիրիմ ընկան, այդպես էլ չհասնելով Էջմիածին` Ամենայն Հայոց Որբերի Հայրիկի փրկակար գիրկը: Այս մասին հայտնում են Թանգարանից:
Ցուցադրությունը ստեղծված է մանկական մաշված կոշիկներից, որոնք թանգարանի աստիճաններով խորհրդանշորեն բարձրանում են վեր` դեպի Թումանյանը, գնալով առավել պակասելով, 54 աստիճանները վերածված են գրությունների` դրանք Թումանյանի նոթագրություններն են` արված 1915թ.: Ամենաերևացող մասում 9 լեզվով Թումանյանի Միտքն է ` «Հայ ժողովրդի արդար դատի համար պետք չէ ոչինչ, բացի ճշմարտությունից»:
Թանգարանի շենքը պարուրված է Էջմիածնի որբանոց հասած երեխաների լուսանկարներով:
Հովհ. Թումանյանի թանգարանի ներսում ցեղասպանության մասին պատմող հատվածում բացվել է նաև նորարարական լուծումներով ցուցադրություն: