27/04/2015 19:08
Ք. Հիլիարդ. Մրցունակ ու գրավիչ զբոսաշրջային ուղղություն դառնալու համար Հայաստանը պետք է կարգավորի մի շարք խնդիրներ
Aysor.am-ը մեկնարկում է հարցազրույցների շարք Հայաստանում տեղակայված երկրների դեսպանատների ներկայացուցիչների հետ՝ պարզելու, թե ինչպես են իրենց երկրի քաղաքացիները, որոնք այցելում են Հայաստան, տեսնում այն. արդյո՞ք անվտանգ է մեր երկիրը օտարերկրյա զբոսաշրջիկների համար, հարմարավետ կամ հրապուրիչ, ի՞նչն է ամենից շատ գերում զբոսաշրջիկներին Հայաստանում:
Այս շարքում առաջին հարցազրույցը ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի տնօրեն Քերին Հիլիարդի հետ է:
-Տիկին Հիլարդ, արդյոք Հայաստանը, որպես զբոսաշրջային ուղղություն, դրական է ընկալվում ԱՄՆ քաղաքացիների կողմից:
-Որպես զբոսաշրջային ուղղություն կամ այցելավայր երկրի մասին կարելի է դատել ըստ այցելուներին առաջարկվող պրոդուկտների, ծառայությունների ու հնարավորությունների: Կարծում եմ՝ Հայաստանն առաջարկելու շատ բան ունի, այդ թվում՝ իր հարուստ մշակույթը, պատմությունը և համեղ ուտեստները: Շուրջ 15 տարի մենք աջակցում ենք Հայաստանի տուրիզմի ոլորտին հյուրընկալության ծառայությունների որակի բարելավման, երկրի մարքետինգի ընդլայնման ու տուրիզմի ոլորտի կադրերի հմտությունների զարգացման հարցերում: ԱՄՆ ՄԶԳ օժանդակության արդյունքում Հայաստանը որդեգրեց բաց երկնքի քաղաքականություն և սկսեց վերաբանակցել երկկողմ ավիացիոն համաձայնագրերը տարբեր երկրների հետ: Այս բարեփոխման արդյունքում 2014թ. ընթացքում 30%-ով ավելացան դեպի Հայաստան եկող ու Հայաստանից մեկնող չվերթները՝ ճանապարհ հարթելով առևտրի, տուրիզմի ու ներդրումների ավելացման համար:
Իսկ վերջերս մենք աջակցել ենք Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամին ազգային բրենդի մշակման աշխատանքներում, որով Հայաստանը ներկայանալի կդառնա աշխարհում՝ իր առանձնահատկություններով: Լավ ազգային բրենդով ու դրա յուրահատուկ ներկայացմամբ հնարավոր կլինի ցույց տալ Հայաստանի արժեքը և ապահովել, որ երկիրն առանձնանա մրցակիցների շարքում:
-Ի՞նչ բացեր կան Հայաստանի տուրիզմի ոլորտում, որ կարելի է լրացնել, որպեսզի տվյալ երկրի քաղաքացիների համար այն ավելի հրապուրիչ դառնա:
-Տուրիզմի զարգացումը երկարաժամկետ ձեռնարկ է, որը պահանջում է հետևողականություն և համագործակցություն մասնավոր և հանրային հատվածի կողմից: Տուրիզմի ոլորտը վերջին 10 տարիների ընթացքում Հայաստանում զգալի աճ է ունեցել և կազմում է ՀՆԱ-ի շուրջ 5 %-ը: Սակայն Հայաստանի ընթացիկ շուկան բավականին նեղ է:
Երկրի տուրիստական պրոդուկտների հիմքում երկրի ինքնատիպ մշակութային ժառանգությունն է, առաջին քրիստոնյա պետությունը լինելու փաստով պայմանավորված ավանդույթները, միջնադարյան եկեղեցիները, վանքերն ու ամրոցները և գեղատեսիլ բնությունը (մի բան, որ գերում է արկածախնդրության ու քայլարշավների սիրահարներին): Համաշխարհային շուկան շարունակում է զարգանալ և պահանջարկ է ձևավորվում նոր զբոսաշրջային ուղղությունների նկատմամբ, որոնք կապահովեն ինքնատիպ պրոդուկտներ ու ժամանց: Երբ աշխարհով մեկ կա շատ մեծ առաջարկ, օտարերկրացի զբոսաշրջիկներն ու ներդրողները պետք է հասկանան, թե ինչու այցելել, ներդնել, աշխատել կամ ապրել Հայաստանում և ոչ թե մեկ այլ վայրում:
Համաշխարհային շուկայում մրցունակ ու գրավիչ զբոսաշրջային ուղղություն կամ այցելավայր դառնալու համար Հայաստանը պետք է կարգավորի մի շարք խնդիրներ, ինչպիսիք են՝ տուրիստական ժամանցի ոչ մեծ բազմազանությունը, ինքնաթիռի տոմսերի համեմատաբար բարձր գները և Հայաստան հասնելու սուղ տարբերակները, վատ ճանապարհային պայմանները, անգլիախոսների սղությունը Երևանից դուրս և որակյալ ու մատչելի հյուրանոցների պակասը: Հայաստանը պետք է կարողանա ներկայանալ որպես մի երկիր, որը կայուն ու ապահով պայմաններ է առաջարկում տուրիստների, ձեռներեցների ու ներդրողների համար: Շեշտադրելով այցելուների նկատմամբ հոգածության ու սպասարկման բարելավումը, ավելի շատ ծառայություններ առաջարկելով այցելուներին և ձևավորելով անհրաժեշտ ենթակառուցվածքներ հիմնական մշակութային ու կրոնական կոթողներին հարող վայրերում՝ Հայաստանը կկարողանա մեծացնել իր գրավչությունը որպես զբոսաշրջային ուղղություն:
-Տիկին Հիլիարդ, Դուք արդեն որոշակիորեն ասացիք, բայց հարցս հնչեցնեմ՝ ավելի մանրամասնելու համար Ձեր պատասխանը. հեշտ է ԱՄՆ քաղաքացիներին շփվել հայաստանաբնակների հետ, տեղաշարժվել Հայաստանում, որքանո՞վ է զարգացած մեր երկրի ենթակառուցվածքը տուրիզմի զարգացման համար:
-Ես շատ ժամանակ եմ հատկացրել, որպեսզի հայերեն սովորեմ, ուստի ինձ համար հաղորդակցությունը ժամանակի ընթացքում հեշտացել է: Բացի այդ, Երևանում ու մյուս մեծ քաղաքներում երիտասարդ սերունդը որոշ չափով տիրապետում է անգլերենին: Սակայն հայերեն կամ ռուսերեն չիմացող զբոսաշրջիկի համար հաղորդակցությունը ոչ քաղաքային բնակավայրերում իրական մարտահրավեր է: Սա կարելի է մեղմել, եթե մշակվեն համապատասխան տուրիստական պրոդուկտներ, օրինակ` ամեն ինչ ներառող փաթեթներ ու շրջայցեր, որոնք կանցկացվեն անգլիախոս կամ այլ օտար լեզուների տիրապետող էքսկուրսավարի ուղեկցությամբ: Գործնական որոշ քայլեր կարող են ներառել անգլերեն նկարագրերը ազգային կամ այլ թանգարանների ցուցանմուշների մոտ, ռեստորաններում եռալեզու մենյուներ ունենալը, որոնք թույլ կտան Հայաստանի ինքնատիպ մշակույթը, պատմությունը ու խոհանոցը առավել հասանելի դարձնել օտարերկրացիներին:
Այո, կազմակերպական առումով նկատվում են դրական տեղաշարժեր: Հիմնական մայրուղիների կառուցումը ու ավելի շատ ճանապարհների բարեկարգումը նույնպես կնպաստեն տուրիզմին: Իրականում մարդիկ պատրաստ են անգամ վատ ճանապարհներով գնալ, որոշ անհարմարություններ ունենալ, եթե գիտեն, որ այդ ճանապարհի վերջում իրենց սպասում է որևէ հետաքրքիր ու հաճելի մի բան: Ուստի տուրիստական վայրերի ձևավորումը չափազանց կարևոր է: Մեկ այլ կարևոր գործոն էլ հարմարությունների՝ կանգառների և հասարակական զուգարանների ապահովումն է ճանապարհին, որոնք ճանապարհորդությունը առավել հարմարավետ կդարձնեն:
-Հայաստանի հատկապես ո՞ր մարզերն ու տեսարժան վայրերն են ԱՄՆ քաղաքացիների հետաքրքրության կենտրոնում գտնվում:
- Ինձ հատկապես Հայաստանի հարավն է գրավում: Հարավային ճանապարհին գտնվող վայրերը՝ Արենու քարանձավը, Նորավանքը, Ուխտասարը (Սիսիանից ոչ հեռու), Քարահունջը, Խնձորեսկը և Տաթևը ուղղակի դյութիչ են: Անմոռանալի են գարնանը դուրս հորդող վայրի ծաղիկները: Բայց միայն այսքանը չէ, կան բազմաթիվ այլ տեսարժան վայրեր, օրինակ` Սելիմի իջևանատունը: Հյուսիսում պետք է, անշուշտ, այցելել Ալավերդու ու Ախթալայի եկեղեցիները: Եվ ոչ մի դեպքում պետք չէ բաց թողնել Ախթալայի խորովածի փառատոնը:
-Եթե չլինեիք այդ պաշտոնում, ապա հրապուրիչ կլինե՞ր Հայաստանը Ձեզ համար, որպես տուրիստական ուղղություն:
- Ինձ միշտ հրապուրել են հինավուրց պատմությունը և հնագիտությունը ուստի Հայաստանն ինձ համար կլիներ հրապուրիչ տուրիստական ուղղություն: Խնդիրը, սակայն Հայաստան հասնելն է: Այս պահին չկան կապակցող չվերթներ դեպի Եվրոպա ու Միացյալ Նահանգներ: Բաց երկնքի քաղաքականության ներքո հուսով եմ, որ սա կփոխվի և հնարավոր կդառնա ավելի մատչելի գներով ու ավելի քիչ ժամանակում հասնել Հայաստան ու վերադառնալ: Շուրջ 3 տարի ես այստեղ եմ ու շատ լավ գիտեմ, թե առաջարկելու ինչքան բան ունի այս երկիրը, բայց շարքային ամերիկացիներն այդ մասին չգիտեն:
-Ձեր կարծիքով կազդի արդյո՞ք Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցելը տուրիստական շուկայի վրա:
- Դրա համար որևէ պատճառ չեմ տեսնում: ՀՀ կառավարությունը հստակ մատնանշել է, որ շահագրգռված է Արևմուտքի հետ տնտեսական ու մշակութային կապերի հետագա խորացմամբ: Սա, անշուշտ, նաև տուրիզմին է վերաբերում: