27/04/2015 12:43
Քաղաքագետ. Հայկական հարցը դարձել է քաղաքական գործոն, Թուրքիան կսկսի պայքարել դրա թուլացման համար
Միամտություն կլիներ կարծել, թե Թուրքիան այս տարի կճանաչեր Հայոց ցեղասպանությունը և փոխհատուցման հարցին կարձագանքեր, սակայն կարևորն այն է, որ Թուրքիան տեսավ, որ անվտանգության հարցում Հայաստանը միայնակ չէ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Հայկական հարցը, նրա խոսքով, դարձել է քաղական գործոն, և Թուրքիան սկսելու է պայքարել հայկական գործնի թուլացման համար:
«Դեռ ժամանակի ընթացքում արդյունքները կերևան, բայց կարելի է ասել, որ հարավային Կովկասում քաղաքական նոր իրողություն է ստեղծվել, որի նպատակը մի կողմից Թուրքիայի ակտիվությունը զսպելն է, մյուս կողմից՝ նոր նախաձեռնություններ ի հայտ բերել»,- ասաց նա:
Քաղաքագետը կարծիք հայտնեց, որ վերջին շրջանում Հայաստանի թե՛ միջազգային հեղինակությունը, թե՛ քաղաքական ազդեցությունը տարածաշրջանում նոր նախաձեռնություններ բերելու տեսանկյունից մեծացել է:
«Թուրքիան հայտնվել է մի իրավիճակում, երբ չունի դաշնակից հարևաններ: Իսկ Գալիպոլիի միջոցառումները ցույց տվեցին, որ դա Թուրքիայի համար ցանկալի արդյունք չտվեց և եղավ պարզապես քաղաքական միջոցառում՝ ի տարբերության Ցեղասպանության 100-րդ տարելիցի»,- ասաց նա: