28/04/2015 13:50
Մատենադարանի աշխատակից. Ցեղասպանության ժամանակ շատերն իրենց երեխներին զուգահեռ փրկում էին հին ձեռագրերը
Այսօր Մատենադարանում մեկնարկել է «Վերապրած մշակույթ» խորագրով Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գիտաժողովը: Դրա շրջանակներում լրագրողների հետ զրույցում Մատենադարանի վերականգման բաժնի վարիչ Գայանե Էլիազյանն ասաց, որ իրենց բաժնում եղած ձեռագրերի մոտավորապես կեսն անցել է Եղեռնի ճանապարհով:
«Շատ հայեր իրենց երեխաներին, իրերը փրկելուն զուգահեռ փրկեցին հազարավոր ձեռագրեր: Հիմա, երբ նայում ենք դրանց չափերին, ծանրությանը, զարմանում ենք, ինչպես են մարդիկ կարողացել այդ ծանր օրերին փրկել դրանք»,- ասաց Գայանե Էլիզարյանը՝ ավելացնելով.
«Հիմա մենք վերականգնում ենք այդ մեծադիր ձեռագրերը»:
Ընդհանուր առմամբ, մասնագետի խոսքով, վերջին քսան տարվա ընթացքում վերականգնվել են Ցեղասպանության ժամանակ փրկված 200-300 ձեռագրեր:
Գայանե Էլիզարյանի խոսքով՝ նման ձեռագրերը շատ են ու սփռված են ամբողջ աշխարհով:
«Մեր բաժնի աշխատակիցները տարբեր տարիներին եղել են այն վայրերում, որտեղ պահվում են վերապրած հայկական ձեռնագրերն ու փորձել են կոնսերվացնել դրանք»,- ասաց Մատենադարանի բաժնի վարիչը: