28/04/2015 14:48
Նախարար. Հնարավոր է՝ մոտ օրերս հաստատվի պրոբացիոն ծառայության գործունեության հայեցակարգը
Կառավարությունը, ամենայն հավանականությամբ, մոտ օրերս կհաստատի պրոբացիոն ծառայության գործունեության հայեցակարգը, որը հիմք է հանդիսանալու հետագայում համապատասխան օրենսդրական բազայի ձևավորման համար: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը:
Նրա խոսքով՝ պրոբացիոն ծառայությունը կազմակերպում, իրականացնում է ազատազրկման հետ կապ չունեցող քրեական պատիժները և հսկողություն է սահմանում իրականացման նկատմամբ:
Հովհ. Մանուկյանը ասաց, որ պրոբացիոն ծառայության ներդրումը կնպաստի ազատությունից զրկելու հետ կապված պատիժների անհարկի նշանակման պրակտիկայի վերացմանը, ինչպես նաև կնվազեցնի քրեակատարողական հիմնարկների գերբնակեցումն ու կնպաստի դատապարտյալների վերասոցիալականացմանը:
«Պրոբացիոն ծառայության ներդրումը նաև կնպաստի ֆինանսական միջոցների խնայմանը, քանի որ պարզ հաշվարկները ցույց են տալիս, որ մեկ դատապարտյալի և պրոբացիոն ծառայության վերահսկողության ներքո գտնվող մեկ անձի համար ծախսերն առնվազն մոտ 10 անգամ տարբերվում են»,-ասաց նա: