28/04/2015 19:19
Գալիպոլին տապալվեց. Շարմազանով
Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց աշխարհին ներկայանում ենք ուժեղ, անկախ, ինքնիշխան հայոց պետականությամբ, և Հայաստանի Հանրապետություն, Սփյուռք ու Արցախի Հանրապետություն միասնությամբ: Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին իր ելույթն այսպես սկսեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Սա է գլխավոր խորհուրդը, որ մենք կարող ենք արձանագրել Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց: Ավելին՝ մենք ցույց տվեցինք, որ ոչ միայն մեր արդար դատի պահանջատերն ենք, այլ ՀՀ-ն կարող է առաջնորդել մարդկության դեմ իրականացված ամենածանր հանցագործության՝ Ցեղասպանության դեմ միջազգային պայքարը, և այդ առաքելությունն այլևս ՀՀ-ն ու հայությունը վերցրել է իր վրա: Վերջին զարգացումները հենց դրա մասին են խոսում»,- հայտարարեց պատգամավորը:
Նրա խոսքով՝ այսօր Թուրքիայում ոչ ադեկվատ ընդունվեցին թե՛ ցեղասպանության միջոցառումները, թե՛ գործընկերներ երկրներից հնչած գնահատականները: Դա էլ իր հերթին խոսում է մի կարևորագույն փաստի մասին, ըստ որի՝ թուրքերի ծրագիրը տապալվել էր. «Գալիպոլին տապալվեց և այնպես, որ նրանք շփոթված ուղիղ եթերում ցուցադրեցին ոչ թե Գալիպոլին, այլ Ծիծեռնակաբերդի միջոցառումը: Այնպես տապալվեցին, որ կոչ էին անում Օլանդին և Պուտինին օբյեկտիվություն պահպանել Լեռնային Ղարաբաղի հարցում և մտահոգված էին, որ Մինսկի խմբի համանախագահ երկու երկրների նախագահները գտնվում էին Երևանում: Մեկը լինի, հարց տա՝ դուք ի՞նչ գործ ունեք Մինսկի խմբի համանախագահության հետ»,- հավելեց նա:
Իր խոսքում փոխխոսնակն ընդգծեեց նաև, որ ԼՂՀ-ն կայացած ժողովրդավար երկիր է, ինչում կհամոզվեն մայիսի երեքին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ:
«Եվ սա այն դեպքն է, երբ Հայկը չի կարող պարտվել Բելին, Հայկը միշտ հաղթելու է Բելին»,-եզրափակեց նա: