28/04/2015 14:25
Ռեժիսոր. Կոմիտասը քրդական երաժշտության թեմայով որևէ աշխատություն չունի
Կոմիտասը երբևէ դիպլոմային աշխատանք չի պաշտպանել քրդական երգերի թեմայով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ռեժիսոր Գագիկ Հարությունյանը՝ նշելով, որ այս սխալ ինֆորմացիան տեղ է գտել դասագրքերում ու հիմա փոխանցվում է սերնդեսերունդ:
«Կոնսերվատորիայի ուսանողներին սովորեցնում են, որ Կոմիտասն աշխատություն ունի քրդական թեմայով, բայց դա Թուրքիայի կողմից ստեղծված սուտ է, որը տեղ է գտել մեր մի դասագրքում ու հետո այդպես արտատպվել մյուս բոլոր տեղերում»,- ասաց բանախոսը:
Նա նշեց, որ այս թեմայով ֆիլմ է նկարահանել, որը կոչվում է «Գութանե».
«Հետաքրքիր է, որ ֆիլմի նկարահանումից կես տարի առաջ ինձ մոտեցավ մի եզդի և ասաց, որ Կոմիտասը խոսել է եզդիերեն, մտերիմ է եղել Ուսուբ բեկի հետ և Գերմանիայում եզդիական երաժշտությամբ դիսերտացիա է պաշտպանել։ Այսինքն բավական չէ, որ արդեն սուտ ինֆորմացիա է տարածվել, հիմա էլ քրդերն ու եզդիները իրար հետ վիճում են, թե նրանցից որի երաժշտությանն է վերաբերում այդ սուտը»,- ասաց ռեժիսորն՝ ընդգծելով, որ Կոմիտասն, իհարկե, ունի քրդական 13 երգից կազմված երգարան, բայց դրանում նա ընդամենը գրի է առել երգերի նոտաները:
Բանախոսն ընդգծեց, որ Կոմիտասն ունի ինքնակենսագրական աշխատանք, որում ևս որ մի բառ չկա քրդական երաժշտության թեմայով աշխատության մասին.
«Սրանից, իհարկե, հայկական երաժշտության համար որևէ վտանգ չկա, բայց ամեն դեպքում՝ սխալներն ուղղելու ժամանակն է եկել»,- ասաց Գագիկ Հարությունյանը: